Երևանում փախցրել են «Mercedes»-ն ու դարձել մի քանի ավտոմեքենաների վթարի հեղինակ
Երեկ՝ դետեկտիվ ժանրի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվե քաղաքացուց, ով հայտնել է, որ իր 35-ամյա ընկերոջը պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գողացել են, ապա վթարի են ենթարկվել՝ բախվելով մի քանի ավտոմեքենաների:
Ինչպես հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ հունիսի 3-ից՝ ժամը 18:30-ից մինչև հունիսի 4-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակատվածում անհայտ անձը օգտվելով ավտոմեքենայի՝ դուռը բաց լինելու և բանալին ավտոմեքենայի սրահում լինելու հանգամանքներից, Խաղաղ Դոնի 5 / 8 հասցեի հարևանությամբ կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան փախցրել է, որից հետո բախվել է նույն հասցեում կայանված «Honda» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ «Mercedes»-ի որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, որից հետո «Mercedes»-ը փախցրած վարորդը այդ ավտոմեքենան վարել է նույն փողոցի 2/1 հասցեի հարևանությամբ, որտեղ էլ բախվել է կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, իսկ առևանգված «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է:
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լև Զաքարյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Մկրտչյանը:
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Ս. Հովսեփյանի, ինչպես նաև քննչական կոմիտեի փորձաքրեագիտական ՊՈԱԿ-ի փորձագետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած անձի, ինչպես նաև վնասված ավտոմեքնաների սեփականատերերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենան փախցնելու և վթարի ենթրակվելու պահը, որը արձանագրվել է տեսախցիկների կողմից: