ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» տարածք

Երևանում Nissan-ը մխրճվել է «Հայբիզնեսբանկի» տարածք

Այսօր՝ մայիսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վթարի հետևանքով էլ բանկի մեկ այլ աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է։ 

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառոկյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ֆոտոլագրողի հետ զրույցում ասում էին․ «Սենց բան մենակ կինոներում կտենաս։ Ուժեղ ձայն լսեցինք, մեկ էլ տեսնենք ի՞նչ՝ ավտոն մտել է բանկ։ Լավ էր՝ մինչև շտապօգնությունը կգար, բանկի աշխատողները շոֆերին ու մի երիտասարդ աղջկա, ով բանկում է աշխատում, օգնություն ցուցաբերեցին։ Ու երբ սկորին եկավ, վիրավորին բանկի աշխատակիցները բժիշկների հետ մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։ Հիմա ոնց չասես՝ հալալ ա էդ բանկի աշխատողներին։ Շոֆերը իրենց մի քանի միլիոնի վնաս է տվել, բայց իրենք իրենց մարդկային քայլը արեցին։ Առաջին պահից օգնության հասան։ Միակ սփոփանքը էն ա, որ լավ ա՝ զոհեր չկան։ Մնում ա իրավապահները պարզեն, թե ինչն է եղել վթարի պատճառը։ Միգուցե վարորդի ինքնազգացությունն ա վատացել, միգուցե ավտոմեքնայի հետ տեխնիկական խնդիր է առաջացել, միգուցե այլ պատճառ է եղել»։

 

  • Կիսվել: