երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանում խաղահրապարակները պետք է մատչելի լինեն անխտիր բոլոր երեխաների համար․ Դավիթ Մարգարյան

Երևանում խաղահրապարակները պետք է մատչելի լինեն անխտիր բոլոր երեխաների համար․ Դավիթ Մարգարյան

Հասանելի Երևանում բակերի բարեկարգումը չպետք է կրի կոսմետիկ բնույթ, իսկ խաղահրապարակները պետք է մատչելի լինեն անխտիր բոլոր երեխաների համար։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Մարգարյանը։

«Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է այնպիսի խաղահրապարակների կառուցումը, որոնք հասանելի և մատչելի են հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Խաղահրապարակները պետք է լինեն անվտանգ և էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված, դրանք չպետք է վնասեն կամ պոտենցիալ վտանգ հանդիսանան այդտեղ խաղացող երեխաների համար։ Իսկ նման խաղահրապարակների կառուցումը հատուկ մոտեցում է պահանջում։

Անվտանգ և մատչելի խաղահրապարակների կառուցումը ոչ մի կերպ չի կարելի շփոթել հապճեպ, ձեռքի տակ եղած նյութերով և աչքաչափով նախագծած գունավոր տարածքների հետ, որոնք կոսմետիկ թարմացումներով փորձում են հրամցնել նոր և աննախադեպ խաղահրապարակների տեղ։

Մեզ համար ընդունելի և ընկալելի չէ որևէ խաղահրապարակ, որի կառուցումը չի ապահովում բոլոր երեխաների հասանելիությունն ու մատչելիությունը իրենց զվարճանքներին և խաղերին։

Երևանը հասանելի և մատչելի պետք է լինի բոլոր երեխաների համար, և որևէ փոխզիջում այստեղ չի կարող լինել։

Մենք գիտենք, թե ինչպես ենք հարմար դարձնելու բակային տարածքները մեր երեխաների համար, քանի որ այսպիսի խաղահրապարակների կառուցումը մաս է կազմում շատ ավելի մեծ գաղափարի, որի մասին մանրամասն կներկայացնեմ շուտով»։

  • Կիսվել: