չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Երևանում կազմակերպվել է «ՀՀ-ում հանքարդյունաբերության ազդակիր համայնքների քիմիական անվտանգության հարցեր» խորագրով համաժողովը

Երևանում կազմակերպվել է «ՀՀ-ում հանքարդյունաբերության ազդակիր համայնքների քիմիական անվտանգության հարցեր» խորագրով համաժողովը

 Երևանում դեկտեմբերի 14-ին կայացավ «ՀՀ-ում հանքարդյունաբերության ազդակիր համայնքների քիմիական անվտանգության հարցեր» խորագրով համաժողովը, որի շրջանակներում ամփոփվեցին  Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի արդյունքները։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ համաժողովի բացման խոսքում՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանն ասաց, որ, սկսած 2018-2019 թվականներից, «Առնիկա» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ Հայաստանում՝ հիմնականում հանքարդյունաբերական համայնքներում, իրականացվում է շրջակա միջավայրի կենսամոնիթորինգ։

«Եթե նախկինում դա իրականացվում էր Լոռու մարզում, ապա 2022-2023 թվականներին կենսամոնիթորինգն ընդգրկել է նաև ՀՀ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերը»,-մանրամասնեց Դուլգարյանը՝ կարևորելով պետական համապատասխան քաղաքականության մշակումը ոլորտում առկա խնդիրների լուծման գործում։

«Առնիկա» կազմակերպությունից ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն ներկայացրել է Հայաստանի 4 հանքարդյունաբերական համայնքներում ծանր մետաղների բաշխման կենսամոնիթորինգի և քարտեզագրման արդյունքներն ու ի հայտ եկած խնդիրները։

Նրա խոսքով՝ ուսումնասիրության և փորձաքննությունների աշխարհագրություն ընդգրկել է Լոռու մարզի Քարաբերդ, Կոտայքի՝ Մեղրաձոր, Արագածոտնի՝ Մելիքգյուղ և Արարատի մարզի Արարատ ու Սուրենավան հանքարդյունաբերական ազդակիր բնակավայրերը։

Տեղի բնակիչներից և շրջակա միջավայրից վերցված նմուշները հետազոտվել են չեխական երկու անկախ լաբորատորիաներում՝ փորձաքննելով ծանր մետաղների՝ մասնավորապես մկնդեղի, կադմիումի, քրոմի, սնդիկի և այլ վտանգավոր նյութերի առկայությունն ու դրանց չափաբաժինները։

Ըստ այդմ՝ բանախոսը ներկայացրել է յուրաքանչյուր բնակավայրում ի հայտ բերված խնդիրներն ու դրանց բնակիչների և շրջակա միջավայրի վրա այդ նյութերի ազդեցության աստիճանը։

Այնուհետև տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որ ընթացքում փորձագետները՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Օլեգ Դուլգարյանը և Վալերիա Գրեչկոն անդրադարձել են առկա խնդիրներին, ռիսկերին, դրանց լուծման ուղղությամբ անելիքներին։

Ըստ օրակարգի՝ համաժողովը կամփոփվի Քիմիական անվտանգության կոալիցիայի հիմնադիր փաստաթղթի վավերացմամբ։

  • Կիսվել: