Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա խմբի երկրորդ հանդիպումը
Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին 2026թ. մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրության կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել ստորագրված արձանագրության շուտափույթ իրականացմանն ուղղված ջանքերը:
Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում մայիսի 4-ին ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան, Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Անիի կամրջի վերականգնման հարցով աշխատանքային խմբի առաջին հանդիպման շրջանակներում։


