շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության «Ի աջակցություն Ռուսաստանի» հանրահավաքը

Երևանում կայացավ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության «Ի աջակցություն Ռուսաստանի» հանրահավաքը

Այսօր Երևանում` Ստեփան Շահումյանի արձանի մոտ հայրենասիրական երգերի և նվագախնբի կատարման ներքո մեկնարկեց  «Ի աջակցություն Ռուսաստանի» հանրահավաք, որը կազմակերպել են «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպությունը:

Ինչպես նշեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության առաջնորդ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հայ և ռուս ժողովուրդները շուրջ 200 տարի միմյանց հետ պայքարում են հանուն բարեկեցիկ և հզոր ապագայի: «Երկար ժամանակ մենք մտորում էինք. Թե որն է Հայաստանի ճանապարհը արցախյան երկրորդ պատերազմի դառը պարտությունից հետո:

Սակայն այսօր մենք տեսնում ենք այդ ճանապարհը` այդ ճանապարհը Ռուսաստանի հետ դեպի պայծառ ապագա է տանում: Ասյօր մեր ապագան և մեր երեխաների անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահները և սահմանապահները: Մենք ինքներս ցեղասպանության ժամանակ դարձել ենք նացիզմի զոհ և այսօր պետք է պայքարենք նացիզմի դեմ: Մենք այսօր Ուկրաինայի դեմ չենք. Մենք նացիզմի դեմ ենք, մենք պաշտպանում ենք մեր ավանդույթները և մեր եկեղեցին»,- շեշտեց Բաբուխանյանը:

Իր հերթին «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը իր շնորհակալությունը հայտնեց այս ակցիայի մասնակիցներին ու նախաձեռնողներին, քանզի այն միտված է ուժեղ Հայաստան ուժեղ ընկերների հետ ունենալու գաղափարին: «Սա է այս միջոցառման գաղափարը: Մեր ռազմավարական ընկերը պետք է լինի ուժեղ, նա պետք է արդյունավետ պայքարի ֆաշիզմի դեմ: Ամուր Հայաստան և խաղաղություն»,- եզրափակեց Ուրիխանյանը:

Ինչպես իր խոսքում նշեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության անդամ Ալլա Հակոբյանը, այսօր հավաքական Արևմուտքը զենք է մատակարարում Ուկրաինային, որպեսզի ոչնչացնի Դոնբասի ժողովրդին: «Բայց ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մենք այս անգամ էլ կհաղթենք ֆաշիզմը: Այսօր ՌԴ-ն միայնակ Հերակլեսի պես պայքարում է նացիզմի դեմ, սակայն մենք մենք պետք է սատարենք Ռուսաստանին իր այս պայքարում, երկբևեռ աշխարհը վերականգնելու համար»,- հավաստեց Հակոբյանը:

Իր հերթին «Ալյանս» կուսակցության վարչության քարտուղար Հակոբ Հակոբյանը նշեց, որ այս հավաքի հիմնական նպատակը Ռուսաստանին աջակցություն հայտնելն է նացիզմի դեմ պայքարում, քանզի մեր ժողովուրդը ամենա շատն է տուժել ֆաշիզմից:  

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» կազմակերպության անդամ Վահրամ Մկրտչյանն էլ ասաց, որ մարզեր այցերի ժամանակ շրջանների բնակչությունը հորդորում էր անհապաղ հանրաքվեի դնել Հայաստանի միութենական պետության անդամակցության հարցը: «Իսկ նրանք, ովքեր իրենց երազկոտ հայացքները հառել են դեպի Եվրոպա, պետք է հասկանան, որ Արևմուտքի քաղաքականությունը մեր ռեգիոնում Թուրքիան է իրականացնում: Եթե Ռուսաստանը Հարավային Կովկասում չլինի, բայց ես վստահ եմ, որ այդպիսի բան չի լինի, ապա այս ռեգիոնում կլինի Թուրքիան, դա պետք է բոլորը հասկանան, բայց մենք չենք թողնի, որ դա տեղի ունենա»,- հավաստեց Մկրտչյանը:

Ապա ներկաները Մհեր Արմենիայի «Հայաստան» երգի կատարման տակ քայլերթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն: Նշենք, որ ներկաները ձեռքներին բռնել էին «Z» տառը, տարբեր պոստերներ Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամության մասին գրառումներով: Հավաքի մասնակիցները ծածանում էին Սովետական Միության, Սովետական Հայաստանի, Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները: 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: