չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երևանում կայացած «Կլիմայի բյուջետավորում» աշխատաժողովին ներկայացվել է ֆրանսիայի փորձը

Երևանում կայացած «Կլիմայի բյուջետավորում» աշխատաժողովին ներկայացվել է ֆրանսիայի փորձը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Կլիմայի բյուջետավորում» օրակարգով աշխատաժողովին։

ՄԱԶԾ շրջանակներում կազմակերպված աշխատաժողովի նպատակը կլիմայի փոփոխության ֆինանսավորման շրջանակում իրականացված գործողությունների ներկայացումն էր, «կանաչ բյուջետավորման» ֆրանսիական փորձի ներկայացումը, համակողմանի քննարկումների արդյունքում համապատասխան ռազմավարություն մշակումն ու կյանքի կոչումը, ինչը բխում է Փարիզի համաձայնագրի դրույթներից։

Միջոցառմանը մասնակցել են նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, Հայաստանի, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունների, շահագրգիռ կողմերի այլ ներկայացուցիչներ։

Ողջունելով մասնակիցներին՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը կարևորել է նման օրակարգով ու ձևաչափով միջոցառման անցկացումը և ընդգծել կլիմայի ֆինանսական բաղադրիչը հատկապես Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի՝ COP27-ի նախաշեմին։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ շահագրգիռ բոլոր կողմերին կանաչ ֆինանսավորման ընդհանուր օրակարգի շուրջ համախմբելու համար և հույս է հայտնել, որ քննարկումների արդյունքում կբացահայտվեն ոլորտի մարտահրավերներն ու կարևոր խնդիրները, կքննարկվեն իրականացվող գործողություններն ու մշակված մեթոդաբանությունները։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին իր ելույթում նշել է «կանաչ բյուջետավորման» ռազմավարության ձևավորման ու իրականացման գործընթացում նախարարություններին ու գործընկերներին աջակցության հարցում ՄԱԶԾ պատրաստակամությանը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի և Expertise Finance-ի ֆինանսական աջակցության պատրաստակամությունը՝ ֆինանսների կառավարման բարեփոխումների շրջանակում։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նախորդ տարիներին կլիմայի քաղաքականությանն աջակցող, այդ թվում՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունների/ներդրումների (NDC), պետություն-մասնավոր հատված գործընկերության և թեմատիկ այլ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։

Միջոցառմանը ներկայացվել է «կանաչ բյուջետավորման» Ֆրանսիայի փորձը (աշխարհի 50 երկրներ արդեն իսկ անցել են «կանաչ բյուջետավորման»)՝ ներդրման պատմությունից, կիրառման առանձնահատկություններից, մասնակից կողմերից մինչև արդյունքներ և մոնիթորինգ։

  • Կիսվել: