շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում բախվել են «յաշիկ»-ն ու Nissan-ը. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Երևանում բախվել են «յաշիկ»-ն ու Nissan-ը. 4 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ Nissan-ի միջից դուրս են բերել վիրավորներին և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել լվացման աշխատանքներ, քանի որ կողաշրջված «յաշիկից» դիզվառելիքի արտահոսք էր սկսվել:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով «յաշիկն» ու Nissan-ը տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: