կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Երևանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

 Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան Չարենցի 9 շենքի դիմաց՝  վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և վրաերթի հարևանությամբ գործող «Չիլլ Պիլլ»-ի աշխատակցիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի և գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Արամ Խաչատրյանն ու պարեկ Ռոբերտ Պողոսյանը տարածքը սահմանազատել են և ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ինքնությունը:

  • Կիսվել: