երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանում «Անմահ գնդի» քայլերթ կանցկացվի. կազմակերպիչները մանրամասներ են ներկայացրել

Երևանում «Անմահ գնդի» քայլերթ կանցկացվի. կազմակերպիչները մանրամասներ են ներկայացրել

Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը, որին, նախնական հաշվարկներով, կմասնակցի 5-7 հազար մարդ։  Հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Անմահ գունդն արտերկրում» պատմամշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ երթը կմեկնարկի ժամը 12:00-ին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքից: Այնուհետև ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի Հաղթանակի զբոսայգի` անմար կրակի մոտ։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ակցիայի նպատակն է հիշեցնել հայ ժողովրդի սխրանքների և Հայրենական պատերազմում ունեցած ավանդի մասին:
«Նրանք մեր պապերն են, ծնողները, նրանք հիմա էլ իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը»,-ասաց Հովհաննիսյանը:
 
Նա նշեց, որ ակցիան քաղաքական չէ և անցյալն ու ներկան միավորելու նպատակ ունի: Այս պահին Հայաստանում ապրում է 67 վետերան, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է: Զանազան միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունենում միայն 8–ը։ Այս ակցիային նրանք նույնպես կմասնակցեն, սակայն վետերաններին Անմար կրակի մոտ կտեղափոխեն մեքենաներով։ Երթին մասնակցող երեխաներին անվճար կբաժանեն ատրակցիոնների տոմսեր և պաղպաղակ:
Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում ապրել է 1,5 մլն քաղաքացի, որոնցից 600 հազարը մեկնել են ռազմաճակատ` պաշտպանելու Հայաստանն ու Մեծ հայրենիքը: Ավելի քան 100 հազար հայեր զորակոչվել են հակահիտլերյան կոալիցիայի երկրների զինված ուժեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են վեց հայկական ազգային դիվիզիաներ, որոնցից հինգը կազմավորվել են արդեն պատերազմի սկսվելուց հետո:

  • Կիսվել: