ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանում 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորներն են՝ Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչներ, 61-ամյա Կարո Հարությունյանը, 30-ամյա Գարիկ Հարությունյանը և 28-ամյա Էրիկ Հարությունյանը: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում դանակահարվածներին, Շենգավիթի ոստիկանները ՝ բաժնի պետ Կ. Բունիաթյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց և Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 44-ամյա Հրաչյա Պետրոսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Կ. Գ. Է. Հարությունյաններին:

Քննիչի որոշմամբ Հ. Պետրոսյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Եղիշե Թադևոսյան փողոցի 19 շենքի բակում, իսկ վիրավորներից Գ. և Է. Հարությունյանները Կ. Հարությունյանի որդիներն են: 

  • Կիսվել: