ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում ճանապարհների սպասարկման պատասխանատուն դառնալու է ճանապարհաշինարարական ընկերությունը

Երևանում ճանապարհների սպասարկման պատասխանատուն դառնալու է ճանապարհաշինարարական ընկերությունը

Հաջորդ տարվանից առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չեն անցկացվելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականներով և 2-3 տարով ճանապարհների սպասարկման պատասխանատուն դառնալու է ճանապարհաշինարարական ընկերությունը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետանարում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը՝ պատսախանելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի այն դիտարկմանը, թե արդյոք հաջորդ տարվանից պլանավորվում է ճանապարհների սպասարկումը հանձնել ճանշիններին և չանել փոսալցման աշխատանքներ։

«Ֆիքսելու ենք, որ փոսը, եթե փորվեց, նույն օրը պետք է լցվի», - նկատեց փոխքաղաքապետը, ինչին Գրիգորյանը պատասխանեց, որ այդ հարցերը քննարկվելու են և պայմանագրում տեղ են ունենալու։

Անդրադառնալով ընթացիկ տարվա խնդիրներին և նախորդ քննարկումից հետո արված փոփոխություններին՝ Խորեն Գրիգորյանը նշեց, որ աշխատանքներին տեմպ է տրվել, սակայն արդյունքը դեռ գոհացուցիչ չէ։ Նա նաև հավելեց, որ գոյություն ունեցող պայմանագրում, ցավոք, նշված չէր փոսը մեկ օրում լցնելու պայմանը, սակայն իրենք փորձելու են առաջնորդվել գործող պայմանագրի կետերով և հարկ եղած դեպքում խզելու են պայմանագիրն ընկերության հետ։

 

Այս հայտարարությանն ի պատասխան Ավինյանն ասաց, որ այս հարցն ամեն երկուշաբթի կանոնավոր քննարկելու են, քանի դեռ ընթացիկ տարվա խնդիրները վերջնական չեն լուծվել։

«Հասկացանք՝ մյուս տարվանից այլ մեթոդաբանություն ենք դնում, բայց կրկին նորմալ չի, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, և որևէ բան տեղի չի ունենում։ Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն այդ պայմանագրերից։ Այդ որակի աշխատանքը մենք շատ վատ ենք դիտարկում և հետևապես մենք համապատասխան վերաբերմունք ենք ունենալու իրենց նկատմամբ բոլոր հաջորդ փուլերում», - հավելեց Ավինյանը։

  • Կիսվել: