հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ի կապակցությամբ կազմակերպել է հատուկ նիստ՝ դպրոցական ավագանիների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ի կապակցությամբ կազմակերպել է հատուկ նիստ՝ դպրոցական ավագանիների մասնակցությամբ

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը երեխաների օրվա կապակցությամբ կազմակերպում է հատուկ նիստ՝ մայրաքաղաքի դպրոցների 9-րդ դասարանցիների մասնակցությամբ: Այս տարվա նիստին մասնակցել են 64 ավագանի դպրոցականներ: Նիստը նախագահել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Դպրոցական ավագանիների նիստն ընթացել է բոլոր ընթացակարգերի պահպանմամբ։ Հիմնական զեկուցողները ներկայացրել են իրենց առաջարկները, հետո դրանք քննարկվել են, հնչել են հարցեր, առարկություններ ու հակադարձումներ:

Երեխաների զեկույց-առաջարկները վերաբերում էին քաղաքի զարգացման ամենատարբեր ոլորտների՝ սկսած հանրակրթական դպրոցներում էկոկրթության առարկայի ներդրման առաջարկից, վերջացրած թափառող կենդանիների խնդրով։ Առաջարկների մեջ հնչեցին նաև տուրիզմի զարգացման համար էլեկտրոնային քարտեզների և գիդերի մեխանիզմի ներդրման հարցեր, քաղաքային տրանսպորտի զարգացման համար փողոցներում առանձին երթուղի հատկացնելու առաջարկ, երեխաների սոցիալական խնդիրները մեղմելու համար դասերից հետո բարձր դասարանցիների համար որոշակի աշխատաժամերի սահմանում, մասնագիտական կրթության դասերի ներդրում ավագ դասարաններում։

Բոլոր առաջարկներոում երեխաները դրսևորում էին բացառիկ պետական մտածելակերպ՝ առաջնորդվելով բյուջեի միջոցների մինիմալ ծախսման պարագայում առավել արդյունք ստանալու սկզբունքով։ Բանավեճերի ժամանակ երեխաները դրսևորեցին հայոց լեզվի բացառիկ իմացություն, ճկուն միտք, լայն աշխարհայացք, կոռեկտություն։
 
 

  • Կիսվել: