չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանի մանկապարտեզներում պահպանված են անվտանգության բոլոր կանոնները․ քաղաքապետարան (լուսանկարներ)

Երևանի մանկապարտեզներում պահպանված են անվտանգության բոլոր կանոնները․ քաղաքապետարան (լուսանկարներ)

Երկու ամսից ավելի չգործող համայնքային մանկապարտեզներն այսօր առավոտյան բացեցին դռները՝ ընդունելով առաջին սաներին, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Այստեղ բույժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգում են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո ախտահանում երեխաների կոշիկներն ու առանձին-առանձին ուղեկցում ներս:

Ինչպե՞ս են պահպանում հակավարակային անվտանգության կանոնները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ անձամբ՝ անակնկալ այցելելով տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներ:

1.5 մ հեռավորություն՝ խմբասենյակներում և ննջասենյակներում, երեխաների և աշխատակիցների հիգիենայի կանոններ. բացված մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կկրեն դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերն էլ հաճախ կախտահանեն: 
Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:

Փոխքաղաքապետը մանկապարտեզների ընդհանուր պատրաստվածությունը դրական գնահատեց:

«Այսօր ունեինք վերջին հարցումներով գրանցված երեխաների շուրջ 25 տոկոսի հաճախում, ինչն սպասելի էր: Վստահ եմ, որ առաջիկա օրերին տոկոսները կավելանան: Մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մանկապարտեզ բերել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում հեռավար կատարել իրենց աշխատանքը, և երեխաները խնամքի կարիք ունեն»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:

Երևանի փոխքաղաքապետը հետաքրքրվել է նաև սննդի մատակարարման գործընթացով:

«Մատակարարները մեր բոլոր պայմանավորվածությունները կատարել էին: Սննդի որոշ տեսակների փաթեթավորման առումով արված փոփոխությունները նույնպես գոհացուցիչ էին»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Բոլոր մանկապարտեզների աշխատակիցները ծնողների հետ մշտական կապ կպահպանեն: Հունիսի 1-ին ընդառաջ կրկին ճշտումներ կարվեն՝ հաճախելիության մոտավոր թվային պատկեր ունենալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:

  • Կիսվել: