Երևանի հանրային տրանսպորտի որևէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել. «Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակ
«Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ավտոբուսի վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում՝ նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։
«Երեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։
Եվս մեկ անգամ խնդրում եւ հորդորում եմ, սիրելի՛ գործընկերներ, տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն, առավել եւս, որ շատերիդ համար լուրի սկզբնաղբյուր հանդիսացած լրագրողը տվյալ ինֆորմացիան գրելու պահին ոչ միայն դեպքի վայրում չի եղել, այլև դեպքի վայրում լինելուց հետո չի ուղղել սխալ տեղեկատվությունը»,-գրել է նա:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Երևանում քաղաքային ավտոբուսը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդի, ով մնացել է 2 ավտոբուսների արանքում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Այնուհետև Գեղամ Ասատրայնը գրառում էր արել՝ նշելով, որ Տիգրան Մեծի պողոտայում այսօր ավտոբուսի վարորդն իր մեքենան կանգնեցնելիս անզգուշությամբ ձեռքի արգելակման համակարգը չի գործարկել, ինչի հետևանքով ավտոբուսը տեղից շարժվել է։ Վարորդը փորձել է կանգնեցնել այն, սակայն հայտնվել է երկու ավտոբուսների արանքում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, ունի կոտրվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։


