ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի ավագանու նիստի օրը հայտնի է

Երևանի ավագանու նիստի օրը հայտնի է

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 21-ին, ժամը 11։00-ին տեղի է ունենալու ավագանու նիստ։

Նիստի օրակարգը դեռևս հասանելի չէ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:

Նշենք, որ նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագիծը ներառում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:

Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա երկու թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

  • Կիսվել: