երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Երևանի 46-ամյա բնակիչը կալանավորվել է՝ հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով․ ՔԿ

Երևանի 46-ամյա բնակիչը կալանավորվել է՝ հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 46–ամյա բնակչի կողմից իր հորեղբոր որդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Արեշ 41-րդ փողոցում գտնվող տան մոտ 46–ամյա տղամարդու և վերջինիս հորեղբոր որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող «Б» մոդելի 16 տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով 46–ամյա տղամարդը կրակոց է արձակել  իր զարմիկի ուղղությամբ՝ վերջինիս ձախ ոտքի շրջանում դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության հնարավոր գործիք նշված հրազենը։ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել է մեղադրանք։

Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: