երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երեւանի 37 հասցեներում փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների կոտրման և հեռացման աշխատանքներ

Երեւանի 37 հասցեներում փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների կոտրման և հեռացման աշխատանքներ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ, քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան քաղաքում և մարզերում շարունակում են սառցալեզվակների հեռացման աշխատանքները։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները, հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացնում են կախված սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։

Հունվարի 26-ից 31-ը Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռու մարզի Տաշիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում կախված և վտանգ ներկայացնող սառցալեզվակների վերաբերյալ։

Համագործակցելով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մարզային համապատասխան ծառայությունների պատասխանատուների հետ՝ փրկարարներն օպերատիվորեն կազմակերպել և տեխնիկական միջոցների գործադրմամբ 37 հասցեներում իրականացրել են սառցալեզվակների կոտրման և հեռացման աշխատանքներ։

Սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև հալոցքի անկանխատեսելի հետևանքները բացառելու նպատակով աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն՝ հատկապես շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ գտնվելիս։

  • Կիսվել: