Սա հարց է, որն իր վերջնական լուծմանը սպասում է, այդ ուղղությամբ աշխատում ենք. Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին
Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել իմ ներկայացրած ամենաառաջին կետում՝ Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդում, ինստիտուցիոնալացում։ Երբ մենք խոսում ենք խաղաղության ամրապնդումից, համաձայնագրի կնքումից և, ընդհանրապես, հարաբերությունների ոչ միայն ամբողջական կարգավորումից, այլև համագործակցության հաստատումից, մենք բոլորս հասկանում ենք, որ այս վերջնական բանը, լավ, խաղաղությունը հաստատվում է, բայց կա հաշտեցման երկար գործընթաց, և սա չի կարող լինել ընդհանրապես առանց հումանիտար հարցերի՝ գերիների, անհետ կորածների հարցերի ամբողջական հասցեագրման։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով գերիներին ու նրանց վերադարձին առնչվող հարցին։
«Ֆինանսական չէ հարցն ամենևին, և, հետևաբար, երևի այդ բառերը՝ այդպես գրված, և դրա դիմաց հատկացված ֆինանսական միջոցներ չեն լինի։ Ցավոք, հարցը ֆինանսական չէ, որովհետև ֆինանսական հարցերը շատ ավելի հեշտ է լուծել։ Մենք իսկապես աշխատում ենք այս ուղղությամբ՝ առանց մոռանալու, և դա հնարավոր չէ, իհարկե, այդպես չանել։ Արդյունքը լինում է ժամանակ առ ժամանակ։ Վերջին արդյունքից հետո 12 ամիսը դեռ չի լրացել․ «բաժակը լիքն է կիսով չափ» և «բաժակը դատարկ է» վիճակն է։ Մեկը կասի՝ դա բավարար չէ, ես կհամաձայնեմ, մյուսը կասի՝ այնուամենայնիվ, վատ ցուցանիշ էլ չէ՝ ինչ-որ մի խումբ ազատ է արձակվել, էլի կհամաձայնեմ։
Սա հարց է, որը դեռ իր վերջնական և ամբողջական լուծմանն է սպասում, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նախարարը։



