հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Եթե այսօր երեկոյան Կտրիճ Ներսիսյանն էլ մասնակցի ընդդիմադիրների այդ ֆորմատով հավաքին, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի. Փաշինյան

Եթե այսօր երեկոյան Կտրիճ Ներսիսյանն էլ մասնակցի ընդդիմադիրների այդ ֆորմատով հավաքին, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի. Փաշինյան

Մենք առաջարկում ենք և գնում ենք խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և խաղաղությունը՝ երկամյա խաղաղությունը, տասնամյակների և հարյուրամյակների խաղաղությամբ փոխարինելու ճանապարհով։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ընդդիմադիրների համախմբմանը և նրանց հայտարարության կետերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի վերջո, որոշումներ կայացնողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ինչպես որոշի, այդպես էլ կլինի, և այդ թեմայով ես լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ։ Բայց ես ուրիշ բան եմ ասում. տեսե՛ք՝ 65 միլիարդ կամ 64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, ի՞նչ է լինում. դուրս են գալիս, ասում են՝ Ալիևը, Ադրբեջանը։ Այսինքն՝ հիմա, որ մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, ի՞նչ, կամ որ ժողովուրդը գնա, նոր Սահմանադրությանը կողմ քվեարկի... Այսինքն՝ իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Որ ասում եմ՝ այդ մարդիկ հակապետական մարդիկ են, նաև սրա համար եմ ասում։ Բա ենթադրենք՝ կա տարբերակ, որ ի վերջո հարցը հասնի հանրաքվեի, և ժողովուրդը կողմ քվեարկի։ Որ կողմ քվեարկեց, ի՞նչ, այսինքն՝ իրենք ի՞նչ, ժողովրդի հասցեին նախկինում կիրառված վիրավորական մակդիրները հիմա էլ փոխանցելու են նրա՞ն, որ ասեն՝ ի՞նչ։ Սա է պատճառը, որ ասում եմ, որ այդ մարդիկ հակապետական, ոչ միայն հակակառավարական, հակապետական մարդիկ են, ովքեր ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել։

Մի հատ կազմը նայեք, և, ի միջի այլոց, ասեմ, որ ընդդիմադիր այդ ֆորմատի մի կոմպոնենտ կա, որը, կարծում եմ, կտրուկ՝ անգամներով կմեծացնի ընդդիմադիր այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Ես կարծում եմ, որ այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. դա Կտրիճ Ներսիսյանն է։ Որ ինքն էլ այնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական, և կարծում եմ, որ ընդամենը օրերի ընթացքում այդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն և իշխանափոխություն իրականացնել։ Բայց հիմա էլ ուշ չէ, եթե, օրինակ, այսօր երեկոյան այդ ֆորմատով հավաքվեն, կարծում եմ՝ կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը` «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաքվե»-ն, «Ապրելու երկիր»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը, «Ժառանգություն»-ը, «Միասին»-ը, «Դեմոկրատական այլընտրանք»-ը, «Նոր դարաշրջան»-ը և «Միավորված հայեր»-ը, նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո հանդիպում են ունեցել և միասնական հայտարարություն տարածել։

  • Կիսվել: