Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ, կկառուցվի ևս մեկ վերգետնյա անցում
Երևանում այս տարի նախատեսվում է կառուցել մեկ վերգետնյա անցում: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը։
«Կառուցվելու է մեկ վերգետնյա անում: Այսպիսով Երևանում ունենալու ենք 31 վերգետնյա հետիոտնային անցում: Իրականացվելու են նաև 4 ստորգետնյա անցումների հիմնանորոգման աշխատանքներ, որոնք կնպաստեն երթևեկության անվտանգությանը»,-ասաց Գալստյանը:
Այս տարի նախատեսվում է Երևանում կատարել 577 հազար քառ. մետր ասֆալտապատման աշխատանքներ, 402 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ:
Նա հայտնեց նաև, որ Երևանում այս տարի նախատեսվում է 37 անցումներ կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով: այս տարվա վերջին կլինեն ընդհանուր 57 հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող լուսացույցներ: Շուրջ 80 վտանգավոր հետիոտնային անցումներ կկահավորվեն լեդ լույսերով, որոնք էլ ավելի անվտանգ երթևեկություն կապահովեն: