երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ սպասում է անցման հնարավորության հստակեցմանը

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ սպասում է անցման հնարավորության հստակեցմանը

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել։ Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակային տվյալների սեփական վերլուծությանը։

Նշվում է, որ Sentinel-1 ռադարային արբանյակի վերջին անցման ժամանակ Սոհար և Ֆուջեյրա նավահանգիստների մոտ արձանագրվել է 441 խոշոր նավ, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում՝ սպասելով անցման հնարավորության հստակեցմանը։

Հաղորդվում է նաև, որ չնայած հիմնական նավագնացային ուղիների բացման և ականազերծման վերաբերյալ համաձայնությանը՝ Իրանը շաբաթ օրը կրկին հայտարարել էր նեղուցը փակելու մասին՝ Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածներից հետո։

Հիշեցնենք, որ այս ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Շվեյցարիայում ինտենսիվ բանակցություններ են անցկացրել, որոնք շարունակվել են կիրակիից մինչև երկուշաբթի վաղ առավոտ։

ԱՄՆ ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ քննարկումների ընթացքում կողմերը, մասնավորապես, զբաղվել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանից եկող «խառը ազդակների» հստակեցմամբ և հակամարտության ռիսկերի նվազեցման մեխանիզմների ձևավորմամբ՝ նավերի համար ուղին մշտապես բաց պահելու նպատակով։

  • Կիսվել: