Երեւանի 10 վարչական շրջաններում մտադիր են հանել «կարմիր գծերը»
Այսօր ԱԺ նիստին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ Երեւանի 10 վարչական շրջաններում մտադիր են հանել «կարմիր գծերը»:
Նրա խոսքով՝ եթե փոփոխություններն ընդունվեն, «կարմիր գծերը» կհեռացվեն մայրաքաղաքի 10 վարչական շրջանների փողոցներից: Դրանք կպահպանվեն միայն Կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանի մի մասում:
Այն վայրերում, որտեղ «կարմիր գծերը» կմնան, ըստ պատգամավորի՝ վերահսկողության տեսախցիկներ կտեղադրվեն, եւ տուգանքի դեպքում վարորդները առնվազն 15 րոպեանոց տեսանյութ կստանան:
Գաբրիելյանն ասաց նաեւ, որ իրենք քաղաքապետարանի հետ նախնական պայմանավորվածություն ունեն, որ մինչեւ նոր տրանսպորտային համակարգի ներդրումը կայանատեղի արժեքի փոփոխություն չի լինի՝ բացառությամբ մեկ տարով թույլտվության ձեռքբերման:
Վերջին դեպքում, Գաբրիելյանի խոսքով, արժեքը կսահմանի վարչական շրջանների ղեկավարությունը:



