ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ. ԿԳՄՍ

Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ. ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանում ապրիլի 15-23-ն անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։

Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը։

Ավելի վաղ, Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարությունն և այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով ադրբեջանական պատվիրակության Երևանից վերադառնալու որոշման մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Քիչ անց մարզադահլիճից բեմ վազեց դիզայներ Արամ Նիկոլյանը, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել նրան, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։

  • Կիսվել: