չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Երեք նոր նամականիշ՝ «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով

Երեք նոր նամականիշ՝ «Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով

2020 թվականի նոյեմբերի 30-ին «Հայփոստը» շրջանառության մեջ է դրել երեք նամականիշ՝ «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմայով։

240 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.)։ Այն գտնվում է Արփա գետի վրա, Ագարակաձոր գյուղից 2,5 կմ դեպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թվականները:

330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզի Մարմաշենի վանքը (մ.թ. X-XI դդ.): Վանքը տեղակայված է Ախուրյան գետի ձախ ափին, հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թվականներին:

350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարը (մ.թ. VI դ.): Երերույքը եռանավ բազիլիկ է՝ երեք զույգ խաչաձև մույթերով, չորս անկյուններում երկհարկ սենյակներով: Ունի հարուստ դեկորատիվ հարդարանք:

Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 10 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է դիզայներ Վահագն Մկրտչյանը:

240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:

  • Կիսվել: