հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
«Երբեք իրեն գումար չի առաջարկել». առանցքային վկան քանդեց Չալաբյանի պետական մեղադրանքը. «Փաստ»

«Երբեք իրեն գումար չի առաջարկել». առանցքային վկան քանդեց Չալաբյանի պետական մեղադրանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ, կարելի է ասել, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի «գործը» դատարանում վերջնականապես փլուզվեց: Ընդ որում՝ շնորհիվ, այսպես կոչված, առանցքային վկայի՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հարցաքննության: Ինչպես հայտնի է, նա տևական ժամանակ խուսափում էր ներկայանալ դատարան, ինչի պատճառով նրա հարցաքննությունը հետաձգվում էր: Եվ ահա, երեկ վերջապես նա ներկայացել էր դատարան և հարցաքննվեց: Սակայն ամբողջ հարցաքննությունը կարելի է վերնագրել ընդամենը մեկ բառով՝ «չեմ հիշում»:

Ընդ որում, երիտասարդ վկայի «ամնեզիան» վերաբերում էր բացառապես «ֆինանսական շահագրգռության» և «քաղաքական թեմատիկայի» մասերին, այսինքն՝ ամբողջ այն հատվածին, ինչի վրա կառուցվել է այս գործը, և ինչի շուրջ նույն Ալիյանը ցուցմունք էր տվել Ավետիք Չալաբյանի դեմ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ «անհրաժեշտ» էր գնահատողական ցուցմունք ընդդեմ Չալաբյանի, հիմնականում օգտագործվում էր «երևի» բառը: Հընթացս Ալիյանը խճճվեց ցուցմունքների մեջ՝ ի վերջո, պետական մեղադրանքը փաստացի ամբողջությամբ քանդելով:

Մասնավորաբար, չնայած դատախազի փորձերին՝ «մեղադրանքի շրջանակներում» պատասխաններ ստանալ, Ալիյանի կողմից հստակ նշվեց, որ Չալաբյանը երբեք իրեն գումար չի առաջարկել, իսկ Էմմա Սարգսյանը իրեն գումար առաջարկել է, բայց ինքը չգիտի՝ ում անունից և կոնկրետ ինչ նպատակով: Միևնույն ժամանակ, ըստ էության, ստիպված էր ընդունել, որ գումարային ողջ խոսակցությունն ինքն է նախաձեռնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: