երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Երբ վարչապետը եկել է խորհրդարան, մենք բոլորս եղել ենք դիմակներով. Մակունց

Երբ վարչապետը եկել է խորհրդարան, մենք բոլորս եղել ենք դիմակներով. Մակունց

Նախորդ քառօրյային վարչապետը եղել է այստեղ, բայց բոլորս եղել ենք դիմակներով, ուստի կարծում եմ, որ խնդիր չի լինի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կորոնավիրուսով վարակվելուն։

Նա միաժամանակ նշեց, որ եթե Առողջապահության նախարարությունը կգտնի, որ պետք է պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնեն։

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Ազգային ժողովի նիստերը չեղարկվեն կամ դրանք ընթանան հեռահար, Մակունցը պատասխանեց․

«Այս համավարակն է ստիպել մտածել մեզ՝  ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ, այս պահին քննարկում ենք, թե դա ինչպես կարող ենք անել։ Մենք որևէ կերպ չենք կանգնեցնելու մեր աշխատանքը։  Անհրաժեշտ բոլոր միջոցներ կձեռնարկվեն և ամեն ինչ կարվի, որպեսզի մեր աշխատանքները որևէ կերպ չխաթարվեն»,- ասաց նա։

Մակունցը կրկին կոչ արեց հետևել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ցուցումներին՝ նշելով, որ դրանք պարտադիր են  և բոլորը պետք է խիստ կերպով հետևեն այդ կանոններին, քանի որ կարող է մարդը չունենա ախտանիշներ, բայց վարակակիր լինի։

Ինչ վերաբերում է Արցախ մեկնելուն, Մակունցը նշեց, որ չի կարող նման հարցերը մեկնաբանել, քանի որ իրավասու չէ։

  • Կիսվել: