կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող  մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։ Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը

Նրա խոսքով՝ իրենք շատ լավ հասկանում են, որ գործարանի շինհրապարակում դրոշների բարձրացումը  չի կարող երաշխիք լինել, որ ադրբեջանցիները էլ չեն կրակելու ու չեն փորձելու խոչընդոտել շինարարությանը։ «Սա ուղղակի արձանագրումն է մեր տնօրենների խորհրդի որոշման, որը կայացվել է երկարատև քննարկումների արդյունքում։ Մենք սրանով արձանագրում ենք, որ այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը»,- ասաց նա։

Հակոբյանը շեշտեց, որ միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշում կայացնել  Երասխում մետաղաձուլարանի կառուցումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետությունից իրենք կառուցելու թույլտվությունն ու օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ունեն։

Հարցին, թե ինչո՞ւ հիմա հիմա որոշվեց բարձրացնել երկու երկրների դրոշները, Հակոբյանն ասաց, որ մինչեւ այդ կարիքը չէին զգացել:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը թիրախավորում է շինարարական տեխնիկան երկու պատճառով՝ վախեցնելու եւ տեխնիկան շարքից հանելու:

«Առաջին կրակոցից հետո ամեն օր եղել են կրակոցներ: Դրոշների բարձրացումը զուտ հոգեբանական գործոն կարող է ունենալ իրենց վրա: Մենք շարունակելու ենք աշխատանքները՝ անկախ կրակել կամ չկրակելուց: Այս տարածքում պետք է կառուցենք գործարանը: Նրանք ինչ-որ պահի հասկանալու են, որ մենք չենք գնալու եւ խաղի այդ կանոններով չենք խաղալու»:

Տիրան Հակոբյանը պատմեց, որ ադրբեջանցիները երեկ թիրախավորել են գործարանի կռունկը, որի միջոցով իրենք բարձրացնում էին դրոշների ձողերը:

Նա ասաց, որ այսօրվանից շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները:

«Մենք դիմելու հնարավոր բոլոր միջազգային մարմիններին եւ օգտագործելու ենք բոլոր գործիքները թե՛ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում, թե՛ Եվրոպական միության, թե՛ ԱՄՆ-ի, որ իրենք հասկանան՝ ցանկացած կրակոց չի մնալու անպատասխան թե՛ օրենսդրական, թե՛ պաշտպանական դաշտում»:

Հարցին՝ եթե հակառակորդը կրկին այդպիսի քայլերի գնա, արդյո՞ք ընկերությունը կդիմի ԱՄՆ իշխանությունների միջամտությանը, Հակոբյանը պատասխանեց. «Մենք ԱՄՆ ներկայացուցիչների հետ առաջին կրակոցից սկսած ուղիղ կապի մեջ ենք: Նրանք ամբողջ պրոցեսից տեղյակ են, կարծում եմ՝ համապատասխան գործողություններ եւ հետեւություններ արվում են»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պատճառաբանությանը, թե մետաղի մշակումը կարող է աղտոտել Արաքսը, Տիրան Հակոբյանն ասաց.

«Ջրի հետ կապված որեւէ ձեւ մենք չենք ազդում Արաքսին: Մենք գտնվում ենք մոտ 6 կմ հեռավորության վրա եւ ջուրը օգտագործում ենք մակերեւութային ջրերը՝ փակ ցիկլով: Այսինքն՝ ջուրը մեր մոտ սպառվում է միայն գոլորշիացման տեսքով: Եվ՛ Բնապահպանության նախարարությունը, եւ՛ անկախ փորձագետներն այդ մասին շատ մանրամասն հաղորդագրություններ են տարածել»:

Նա հայտնեց, որ գործարանի շինաշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա ավարտին:

Անդրադառնալով հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած ազգությամբ երկու հնդիկների առողջական վիճակին՝ Հակոբյանն ասաց, որ նրանք առայժմ շարունակում են իրենց բուժումը «Արարատ» ԲԿ-ում. «Ամեն ինչ նորմալ է, առողջացման ընթացքի մեջ են»:

Գործարանից ադրբեջանական դիրքերը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են:

Ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում է գործարանի տարածքը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին էլ Ադրբեջանի կրակոցների հետեւանով վիրավորում էր ստացել գործարանում աշխատող ազգությամբ 2 հնդիկ:

  • Կիսվել: