ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵՊՀ-ում տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական տոնական միջոցառում

ԵՊՀ-ում տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական տոնական միջոցառում

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների ավարտական տոնական միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ավանդական միջոցառման նպատակն է հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին և ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնքի» գործունեությունը։

Միջոցառմանը ներկա է եղել և շրջանավարտներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի օրհներգերով, որոնք կատարել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջույնի խոսքում նշել է.

«ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը տարվա կարևորագույն միջոցառումներից է։ ԵՊՀ-ն բացառիկ կրթական հաստատություն է, որն իր սկզբնավորումից ի վեր եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։ Ես նույնպես ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի շրջանավարտ եմ, որը կոչում է, և պետք է յուրաքանչյուրս պատվով այն կրի»։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է նաև կրթության և գիտության կարևորությունը երկրի առաջխաղացման գործում՝ մատնանշելով «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում մարդկային կապիտալի վերաբերյալ սահմանված դրույթը, այն է՝ Հայաստանում մարդկային կապիտալը դիտվում է որպես երկրի զարգացման հիմնական ռեսուրս, իսկ կրթությունը՝ մարդկային կապիտալի զարգացման որոշիչ գործոն։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով և շնորհավորելով 2022/2023 ուստարվա բոլոր շրջանավարտներին, հաջողություն է մաղթել նրանց հետագա նախաձեռնություններում և հորդորել հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը՝ մշտապես մնալով «Երևանի պետական համալսարան» ընտանիքի անբաժանելի մասնիկն ու անդամը:

«Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին դուք ոչ միայն ձեռք եք բերել մասնագիտական գիտելիքներ, այլև զարգացրել եք անընդհատ փոփոխվող աշխարհում արագ կողմնորոշվելու համար անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ, որոնք ճանապարհ կհարթեն ձեր մասնագիտական ուղին լավագույնս կազմակերպելու և մարտահրավերներին դիմակայելու համար։

Կոչ եմ անում վստահությամբ և լավատեսությամբ ընդունել բոլոր մարտահրավերներն ու հնարավորությունները, քանի որ դուք կյանքի նոր շրջափուլ եք մտնում հսկայական ներուժով և գիտելիքների մեծ պաշարով։ Ձեզնից յուրաքանչյուրը կարող է դրական փոփոխություն կատարել մեր երկրի և ամբողջ աշխարհի համար»,- նշել է Հ․ Հովհաննիսյանը։

Ավարտական միջոցառման այս տարվա հիմնական բանախոսը ԵՊՀ շրջանավարտ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, որն անդամակցում է համալսարանի հոգաբարձուների խորհրդին և որի նախաձեռնությամբ իրավագիտության ֆակուլտետում գալիք ուսումնական տարում մեկնարկելու է «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» կրթական ծրագիրը։
Ե․ Կիրակոսյանը, անդրադառնալով համալսարանում արդեն իսկ ավանդույթ դարձած այս միջոցառմանը, առանձնակի կարևորել է այն, որ միջոցառումը մասնագիտական կարիերայում որոշակի ուղի անցած ԵՊՀ շրջանավարտին հնարավորություն է տալիս իր փորձով և գաղափարներով հրապարակավ ցույց տալու հաջողության հասնելու ճանապարհը։

Այս տարի համալսարանն ունի բակալավրիատի 2223 առկա ուսուցմամբ ու 299 հեռակա ուսուցմամբ շրջանավարտ և մագիստրատուրայի 743 առկա ուսուցմամբ շրջանավարտ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է ԵՊՀ-ում ստեղծվող շրջանավարտների համայնքը՝ իր բաղադրիչներով։ Համայնքի շնորհիվ համալսարանն իր շրջանավարտներին ընձեռում է համալսարանական միջավայրում շարունակական ներգրավման, համալսարանի ու միմյանց հետ հաղորդակցվելու և համագործակցային բազմաթիվ հնարավորություններ։

 

Ցանցի հիմքում փոխկապակցված երկու միավորներ են՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու շրջանավարտների ներգրավմամբ և նրանց անմիջական մասնակցությամբ ձևավորված ցանցի կառավարման համակարգը։ Այս համակարգի շնորհիվ ԵՊՀ-ն հանձն է առնում իրականացնելու կազմակերպական և հաղորդակցական գործառույթները, իսկ շրջանավարտները՝ ցանցի բովանդակային բաղադրիչը ձևավորելու պարտավորությունը։

Շրջանավարտների ցանցի ձևավորման և գործունեության պլանավորման համար ԵՊՀ-ն ամեն տարի կազմակերպելու է Շրջանավարտների կոնֆերանս, որի ընթացքում մշակվելու են ցանցի գործունեության ռազմավարությունն ու ծրագրերը, ձևավորվելու են Գործադիր խորհուրդը, տարածքային և մասնագիտական միավորները։

 

Возможно, это изображение 1 человек и текст

  • Կիսվել: