ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՊԲՀ այս տարվա շրջանավարտը՝  համավարակի և պատերազմի կենտրոնում

ԵՊԲՀ այս տարվա շրջանավարտը՝ համավարակի և պատերազմի կենտրոնում

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է բժշկական համալսարանի այս տարվա շրջանավարտ  Անդրանիկ Ասրյանի պատմությունը ով իր գործուն մասնակցությունն է ունեցել համավարակի և պատերազմի կենտրոնում իրականացվող աշխատանքներին։
 
ԵՊԲՀ այս տարվա շրջանավարտ Անդրանիկ Ասրյանը Արցախում պատերազմի վերսկսման մասին տեղեկացել է Երևանի շտապօգնության ծառայությունում՝ հերթափոխը հանձնելիս:
Նա միանում է բրիգադներից մեկին, որտեղ միավորվել էին սպիտակ բանակի զինվորները` Արցախ մեկնելու և հայրենիքի պաշտպանների առջև իրենց պարտքը կատարելու համար:
 
«Բոլորն էին պատրաստակամ, բայց նախընտրությունը տրվում էր ավելի շատ փորձ ունեցողներին»,-նշում է նա:
 
Անդրանիկ Ասրյանը, որպես շտապօգնության բրիգադի բժիշկ, մեկնել է սեպտեմբերի 28-ին: «Չնայած լարված աշխատանքին, դեպի Արցախ կատարվող անընդհատ այցերին՝ ոչ ոքի հոգնածությունը չէր անհանգստացնում... բոլորն ուզում էին ինչ-որ բանով օգտակար լինել»,-ընդգծում է նա՝ ավելացնելով, որ իրենց հիմնական գործառույթը վիրավորների բժշկական տարհանումն էր: «Ստեփանակերտում էինք: Շուշիի մշակույթի տան ռմբակոծությունից հետո մեր բրիգադն առաջինն էր, որ մեկնեց բուժօգնություն տրամադրելու: Վիրավորների մեծ մասը դեռ փլատակների տակ էր, օդային տագնապը` միացված, անընդհատ նոր հարված էր սպասվում, բայց այդ հանգամանքը ոչ մեկին հետ չէր պահում»,- վերհիշում է սովորողը՝ ավելացնելով, որ ամենադրական զգացողություններն ունեցել է, երբ շտապօգնության մեքենայի մեջ, Երևան տեղափոխվելու ճանապարհին, վիրահատված զինվորը գիտակցության գալով հայտնել է իր անունը, որից հետո կապ են հաստատել երկար ժամանակ իրենց որդուց տեղեկություն չունեցող հարազատների հետ:
«Մեզ բոլորիս առաջնորդում էր պարտքի զգացումն այն մարդկանց առաջ, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն բոլորիս խաղաղության»,- շեշտում է ԵՊԲՀ սովորողը:
Անդրանիկ Ասրյանը բժշկական բուհն ընտրել է ԵՊՀ կենսաքիմիայի ֆակուլտետը և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դեղագործություն մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիրն ավարտելուց հետո: «Առաջին հերթին պետք է սիրել ընտրած մասնագիտությունը: Ես հասուն տարիքում եմ եկել բժշկական համալսարան: Գիտակցելով բոլոր դժվարությունները՝ չեմ հրաժարվել իմ երազանքից: Բժշկական ընդունվել եմ սրտաբան դառնալու համար և պատրաստվում եմ իրականություն դարձնել նպատակս»,- շեշտում է սովորողը՝ հավելելով, որ սրտաբանի մասնագիտացումը մտածելու և տրամաբանելու շատ առիթներ է ստեղծում, ինչն էլ ամենից շատն է դուր գալիս իրեն:
 
Շտապօգնության ծառայությունում 2 տարվա աշխատանքային փորձի շնորհիվ նա ձեռք է բերել հիվանդների հետ աշխատելու հմտություններ, սովորել է հաղթահարել վախերը: ԵՊԲՀ սովորողը նշում է, որ աշխատանքն ուսումնառության ընթացքում պրակտիկ հմտություններ է տալիս, բայց և դժվարացնում է ուսանողի կյանքը: «Հերթապահությունից հետո դասի ներկայանալը, ուսանողի համար ոչ միշտ է արդյունավետ»,- անկեղծանում է ապագա սրտաբանը:
 
Մեծանալով բժշկի ընտանիքում` համոզվել է, որ ամենակարևոր սկզբունքը մարդ մնալն է, հակառակ դեպքում անգամ ամենալավ մասնագետը չի կարող լավ բժիշկ կոչվել:
 
Չնայած Անդրանիկ Ասրյանը ԵՊԲՀ այս տարվա շրջանավարտ է, սակայն արդեն հասցրել է պարգևատրվել` նոր կորնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար, ինչպես նաև սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրված և անմնացորդ ծառայության համար ՀՀ առողջապահության պատվոգրերով:

  • Կիսվել: