կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Էնջլ թրեվլի» մեքենայությունների զոհ են դարձել տասնյակ զբոսաշրջիկներ, իսկ ընկերությունը շարունակում է գործել՝ ի հեճուկս իրավապահների

«Էնջլ թրեվլի» մեքենայությունների զոհ են դարձել տասնյակ զբոսաշրջիկներ, իսկ ընկերությունը շարունակում է գործել՝ ի հեճուկս իրավապահների

Այն որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը լուրջ վերահսկման և կանոնակարգման կարիք ունի գաղտնիք չէ ոչ մեկի համար։ Ոլորտի բարձիթողի լինելու հետևանքը՝ շուկայում զբոսաշրջային սեզոնին տարատեսակ խարդախների ի հայտ գալն է և հարյուրավոր խաբված զբոսաշրջիկների առկայությունը։

Անցյալ ամառ մեծ աղմուկ բարձրացավ «Դա Վինչի» ընկերության գործունեության շուրջ, որի խարդախության զոհ էին դարձել հարյուրավոր զբոսաշրջիկներ։ Պատմությունը կրկնվեց նաև այս տարի, այս անգամ տասնյակ զբոսաշրջիկները հայտնվել են մեկ այլ խարդախի ծուղակում՝ դառնալով ԱնԺելա Միքայելյանի գլխավորած «Էնջլ թրեվլի» մեքենայությունների զոհ։

Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում նշեց խաբված զբոսաշրջիկներից մեկը, Անժելան գումարը վերցնելով, երաշխավորել է անվտանգ և ապահով հանգիստ Եգիպտոսի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։ «Պատկերացնում եք, ինչպիսի սթրեսի ենթարկվեցինք մենք, երբ երկարատև պլանավորելով մեր հանգիստը, ամեն ինչ հարմարեցնելով դրան՝ աշխատանք, այլ զբաղվածություն, տրամադրված մեկնում ենք օդանավակայան, և այնտեղ պարզում, որ մեր ավիատոմսերը ֆեյք են»,- պատմում է նա։ Ըստ կայքի զրուցակցի, իրենց նման տասնյակ խաբված զբոսաշրջիկներ շուրջ մեկ ամիս

է չեն կարողանում ոչ մի կերպ ետ ստանալ իրենց գումարները։ «Դիմել ենք օրենքի, հարցը իրավապահների տիրույթում է, բայց ոչ մի օգուտ։ Ասում են, սնանկ ա։ Իսկ ինքը Անժելան, այնքան է լկտիացել և վստահ իր անպատժելիության մեջ, որ բացեիբաց մեզ ասում է, հենց հիմա զանգեք ոստիկանություն, զանգեք, թող գան ինձ տանեն, ոչ մի բան էլ չի լինի»,- շարունակեց նա։ Մեկլ այլ խաբված զբոսաշրջիկ՝ Ինեսսա Արամյանը պատմեց, որ հուլիս ամսվա սկզբին վճարել են ուղևորության գումարի կեսը, և դրանից երկու օր անց Անժելան շատ շտապ խնդրել է վճարել մյուս մասը, «որպեսզի չկորցնեն հյուրանոցի ամրագրումը»։

«Կասկածները ինձ մոտ ի հայտ եկան, երբ որոշ ժամանակ անց խնդրեցի ուղարկել էլեկտրոնային տոմսերը և հյուրանոցի վաուչերը, նա տարբեր պատճառաբանություններ էր գտնում, որպեսզի հետաձգեր այն մեզ տրամադրելը։ Իսկ ամեն ինչ պարզ դարձավ, երբ մենք մոտեցանք գրասենյակ և հանդիպեցինք այն հոծ բազմությանը, ովքեր արդեն իսկ տուժել էին՝ կեղծ, չեղարկված տոմսերով օդանավակայանից վերադառնալով։

Կարճ ասած, այդ օրվանից մենք լսում էինք տարբեր խոստումներ, պատճառաբանություններ։ Ի վերջո եկավ մեր թռիչքի օրը, որը բնականաբար տեղի չունեցավ, քանի որ իրականում չկար ոչ մի ամրագրում»,- պատմեց Ինեսան։

Հատկանշական է այն է, որ չնայած գործը գտնվում է իրավական տիրույթում, «Էնջլ թրեվլը» շարունակում է իր գործունեությունը։

  • Կիսվել: