շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Էլեկտրոնային եղանակով ամրագրվող տվյալների պահպանության համար սերվերային ենթակառուցվածքներ կօգտագործվեն. նախագիծ

Էլեկտրոնային եղանակով ամրագրվող տվյալների պահպանության համար սերվերային ենթակառուցվածքներ կօգտագործվեն. նախագիծ

Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Մինասյանի՝ քրեական վարույթի պատշաճ ամրագրման նպատակով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ` միաժամանակ հնարավորություն ընձեռելով դրանք պահպանել շարժական էլեկտրոնային կրիչներում:

Նշվել է նաև, որ օրենսգրքի անցումային դրույթների համաձայն` 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

Օրենսգրքի 8-րդ և մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարութային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը:

Լիլիթ Մինասյանի հավաստմամբ` վերոնշյալ իրավակարգավորումների գործնական կիրարկումն ապահովելու համար իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու համար քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, մշակման ու պահպանության համար առավել նպատակահարմար է սերվերային ենթակառուցվածքների օգտագործումը:

Նա նշել է, որ ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված` առավել նպատակային է դիտարկվել ամրագրման ենթակա տվյալները սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի ամրագրումն  ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներում:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ Կառավարությունը նախագծի վերաբերյալ որևէ առարկություն չունի և կոչ է արել կողմ քվեարկել:

Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ:

  • Կիսվել: