երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Էլեկտրականությունը չի խաթարվել, երկու գազատարն էլ վերականգնված են, գյուղաշխատանքները գրեթե չեն դադարել. Տավուշի մարզպետ

Էլեկտրականությունը չի խաթարվել, երկու գազատարն էլ վերականգնված են, գյուղաշխատանքները գրեթե չեն դադարել. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ այս օրերին գյուղատնտեսական աշխատանքները գրեթե չեն դադարել: 

Նա նշեց. ՛՛Բնականաբար, մարդիկ, անհանգստությունից ելնելով, որոշակի վերապահումներով են մասնակցել գյուղատնտեսական աշխատանքներին, բայց, ստուգելով նաեւ ջրառի ծավալները, տեսել ենք, որ մարդիկ զբաղված են եղել գյուղաշխատանքներով՛՛:

Մարզպետի խոսքով՝ անցյալ տարվանից սահմանամերձ գյուղերի դիմակայունության բարձրացման հատուկ ծրագիր են իրականացնում. ;;Փորձնական ծրագիրը լիարժեք իրականացվել է Տավուշի մարզի միայն մեկ գյուղում՝ Բերդավանում: Այժմ իրականացվում է մյուս գյուղերում:

Ես հույս ունեմ, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում գյուղերի դիմակայունությունը ավելի կբարձրացնենք: Դա ներառում է եւ ապաստարաններով հագեցվածություն, գյուղերի տեխնիկական ապահովվածությունը, սահման տանող ճանապարհների տեսահսկում, անլար հատուկ կապի միջոցների տրամադրում եւ այլն: Մենք այս օրերին շտապօգնության մեքենաները բաշխել ենք բոլոր սահմանամերձ գյուղերով: Հենց այս պահին Տավուշի մարզ են մտնում եւս 5 ամենագնաց շտապօգնության մեքենաներ՛՛:

Ըստ Չոբանյանի՝ շատ քիչ է միայն սահմանամերձ գյուղերի անվտանգությունն ապահովելը, պետք է տնտեսական զարգացման հիմքեր ստեղծվեն: ՛՛Դրա համար, նրանք, որոնք մտահոգված են Տավուշով, կոչ եմ անում խաղաղության ժամանակ եւս համակ ուշադրությամբ լցված լինեն: Մենք ուզում ենք մարդկանց մասնակցությունը տնտեսական կյանքին ներդրումային ծրագրերով՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե որոշ գյուղերում էլեկտրակնություն եւ գազ չկա, մարզպետն ասաց, որ էլեկտրականությունը ոչ մի գյուղում չի խաթարվել: ՛՛Ունեցել ենք գազատարի երկու վնաս, երկուսն էլ արդեն վերականգնված են՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: