շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են ավտոգողություն՝ հայտնաբերելով մեքենան (տեսանյութ)

Եղեգնաձորի ոստիկանները բացահայտել են ավտոգողություն՝ հայտնաբերելով մեքենան (տեսանյութ)

Նոյեմբերի 17-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանություն է զանգել մի տղամարդ և հայտնել, թե գյումրեցի ներկայացած մեկը Արփի գյուղից գողացել է իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան:

Ահազանգով մեկնել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ տուժածի` ինքը մեքենայով վերադառնալիս է եղել իր հայրենի Սալլի գյուղ, երբ ճանապարհին հանդիպել է գյումրեցուն: Վերջինս նրան առաջարկել է մի քիչ հանգստանալ, մի կտոր հաց կիսել: Հետո միասին շարունակել են ճանապարհը: Արփի գյուղում մեքենայատերը մասնակցել է հոգեհանգստի արարողության, իսկ գյումրեցին առաջարկել է մեքենայի բանալին տալ իրեն, որ ավելի հարմար տեղ կանգնեցնի:

Որոշ ժամանակ անց մեքենայատերը դուրս է եկել հոգեհանգստի արարողությունից ու տեսել, որ «ԲՄՎ»-ն չկա: Որոնողական աշխատանքի և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Եղեգնաձորի ոստիկաններին հաջողվեց մեքենան հայտնաբերել Արարատի մարզի Դարբնիկ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում: Իրավապահներն արդեն ճշտել էին, որ մեքենան գողացողը բոլորովին էլ գյումրեցի չէր, այլ Արմավիր քաղաքի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ: Որոշում կայացվեց մեքենայի մոտ կազմակերպել դարանակալում:

Ժամեր անց, երբ 50-ամյա արմավիրցին եկավ՝ «ԲՄՎ»-ի համարանիշերը հանելու, ամենայն հավանականությամբ` որպեսզի մեքենան չհայտնաբերվի, քրեական հետախույզները բռնեցին նրան և բերման ենթարկեցին Եղեգնաձորի բաժին: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: