երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
ԵԱՍՄ-ի 10 աղբատարներ խափանվել էին Նուբարաշենի աղբավայրի ճանապարհին. տուժել է Երևանի աղբահանությունը

ԵԱՍՄ-ի 10 աղբատարներ խափանվել էին Նուբարաշենի աղբավայրի ճանապարհին. տուժել է Երևանի աղբահանությունը

Նախորդ շաբաթվա սկզբում ԵԱՍՄ համայնքային հիմնարկում առաջացել են աղբատար մեքենաների հետ կապված տեխնիկական խնդիրներ, և երկու օր աղբահանությունն իրականացվել է առկայից պակաս՝ 25 աղբատար մեքենաներով, ինչի համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

«Մեքենաների խափանումներն ունեցել են մի շարք պատճառներ, բայց դրանցից գլխավորը եղել է Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի դժվարանցանելի լինելը, որտեղ խափանվել են մեր աղբատար մեքենաներից 10-ը:

Մեր վարպետների՝ ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ իրականացնող ընկերության ջանքերով վնասված ավտոմեքենաների զգալի մասը շատ կարճ ժամկետում վերականգնվել է, և այս պահին աղբահանությունը Երևան քաղաքում իրականացվում է 34 աղբատար մեքենաներով: Մեր կողմից պլանավորվել է մեկամսյա ժամկետում ավտոմեքենաների ամբողջական վերանորոգման շնորհիվ աղբատար ավտոմեքենաների թվաքանակը հասցնել 45-ի, եթե աշխատանքների ընթացքում առկա տեխնիկական միջոցները լուրջ վնասվածքներ չստանան»,- ասաց նա և հավելեց, որ Նուբարաշենի աղբավայրի ճանապարհի խնդրահարույց հատվածում այժմ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, որին աջակցում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը՝ տրամադրելով վարչական շրջանում կուտակված ասֆալտի քերուկը, իսկ աղբահանության իրականացման հարցում ԵԱՍՄ-ին աջակցել է նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա:

Ըստ Կատվալյանի՝ հաշվետու ժամանակահատվածում փողոցների մաքրությունն իրականացրել է 4 փոշեկուլ մեքենա: Նախորդ շաբաթվա համեմատությամբ սանմաքրման աշխատակիցների թիվն ավելացել է 14-ով: Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքի փողոցների և բակերի մաքրությունը 6-օրյա գրաֆիկով և 2 հերթափոխով իրականացրել են 521 սանմաքրման աշխատակիցներ, այն է՝ 611 գրանցված աշխատակիցների 89 տոկոսը: Մնացած 11 տոկոս աշխատակիցները ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդի մեջ են:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց մոտ 8 ավտոմեքենայի մրցույթ հայտարարել՝ առանց ֆինանսական միջոցների, որպեսզի մշտապես լինի ավտոմեքենաների չափաքանակ, որը չի սպասարկում, այլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է դուրս գալիս:

«Այս պահի դրությամբ մենք ունենք 6 մեքենայի ձեռքբերման պայմանագիր, լրացուցիչ 4-ի գնումների հայտն արդեն ուղարկվել է, որպեսզի գնումների պլանում փոփոխություն իրականացվի»,- ասաց կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը՝ նշելով, որ խոսքը 4 հատ մեծ 19 խորանարդ մետրանոց և 2 հատ 12-13 խորանարդ մետրանոց մեքենայի մասին է: Հաղթող կազմակերպությունը մատակարարելու է չինական HOWO մակնիշի ավտոմեքենաներ:

  • Կիսվել: