երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դժվարություններով, բայց ձեռքբերումներով լի. հրատարակիչներն ամփոփում են 2023 թվականը

Դժվարություններով, բայց ձեռքբերումներով լի. հրատարակիչներն ամփոփում են 2023 թվականը

Հայաստանի խոշոր հրատարակչական ընկերությունների համար 2023 թվականը եղել է դժվարությունների, բայց նաև արդյունավետ տարի։ Չնայած ղարաբաղյան ծանր դեպքերով պայմանավորված՝ երկրում դժվարին իրավիճակ էր ստեղծված, սակայն հրատարակիչները շարունակել են աշխատել նոր գրքեր հրատարակել՝ ընթերցասերներին հասանելի դարձնելով հետաքրքրիր բովանդակության համաշխարհային բեսթսելլերներ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը նշեց, որ արդյունավետ տարի են ունեցել։ Նորություններ են ներկայացրել ամենատարբեր ուղղություններով:

«Նախորդ տարի լրացավ Մուշեղ Գալշոյանի 90-ամյակը, որի առթիվ մենք հրատարակեցինք նրա ժողովածուն։ Նախորդ տարի նաև Սոս Սարգսյանի հոբելյանն էր, որի շրջանակում հրատարակեցինք նրա վիպակների ժողովածուն։ Եթե վաճառքներին անդրադառնանք, ապա ասեմ, որ տարվա ընթացքում ամենապահանջվածը եղել են դետեկտիվ ժանրի գրքերը, առավելապես՝ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները։ Գրքեր հրատարակելուց բացի գրքաստեղծումով էինք զբաղված՝ նախատեսված տարբեր դասարանների համար»,-ասաց Դավիթ Սամվելյանը։ Խոսելով անելիքներից՝ Դավիթ Սամվելյանը տեղեկացրեց, որ առաջիկայում լույս է տեսնելու «Սարգիս Զորավար» պատմավեպը, որով հիմք է դրվում պատմավեպերի հրատարակության շարքին։ Առաջիկայում լույս կտեսնի մինչև 10 պատմավեպ։ Շարունակվելու է համալրվել պատանիների համար նախատեսված արկածային գրականության շարքը։ Այս տարի «էդիթ պրինտ»-ը սկսում է գիտաֆանտաստիկ գրականության շարք, որը կսկսվի Հերբերտ Ուելսի վեպի թարգմանությունով։ 

Տարին բավական արդյունավետ է եղել է «Անտարես մեդիա հոլդինգ»-ի համար։ 2023 թվականին հրատարակած գրքերի թիվը հասնում է մի քանի 100-ի։ «Անտարես մեդիա հոլդինգ»-ի PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը տեղեկացրեց, որ ամեն ամիս մի քանի տասնյակ գրքեր են լույս տեսնում։

«Մեծ թվով գրքեր են լույս տեսել, կատարվել են թարգմանություններ, ներկայացվել է համաշխարհային գրականության ներկապնակը, շարունակել ենք հայ հեղինակներին առաջ մղելու, նրանց հանրությանը ներկայացնելու մեր առաքելությունը։ Եթե անդրադառնամ պահանջված գրքերին, ապա պետք է նշեմ, որ հայ ժամանակակից գրողներից Հովիկ Աֆյանը շարունակում է մնալ բեսթսելլերների հեղինակ։ Ունենք բեսթսելլերի հեղինակներ՝ Գուրգեն Խանջյանը, Գրիգը։ Շարունակում ենք հրատարակել նոբելյան մրցանակ ստացած հեղինակների ստեղծագործությունները։ Օտարագիր գրողներից շարունակում է մեծ հետարքրքություն ձևավորել Պաուլո Կոելիոն»,-ասաց Ռոզա Գրիգորյանը։ «Անտարես»-ի առաջիկայում սպասվող գրքերն են Միչ Էլբոմ «Օտարը փրկանավակում», Ջոն Ըրվին «Աշխարհն ըստ Գարփի», Եղիշե Չարենց-հատոր երկու, հատոր երեք, Գրիգ, «Friendesdorf», Ջենիֆեր Իգան, «Ժամանակը անողոք է», Սթիվեն Հոքինգ «Ժամանակի համառոտ պատմություն» և այլն։

«Բուկինիստ»-ը տարվա ընթացքում համալրել է մանկական հանրագիտարանների շարքը։ Նոր գրքերի հրատարակման պակաս չի եղել տարվա ընթացքում։  Չնայած այս ուղղությամբ հաջողություններին, «Բուկինիստ»-ի՝ որպես գրավաճառի, համար տարին դժվար է եղել։ 

«Տարվա վաճառքի արդյունքներից ես դժգոհ եմ, 2014 թվականից սկսած մենք միայն աճ ենք ունեցել, երկնիշ թվերով, 2023-ն այդքան հաջող չի եղել այդ տեսանկյունից։ Պատճառները տարբեր են՝ ընդհանուր քաղաքական վիճակ, ներքին ցնցումներ, առցանց խանութների գրաշուկա մտնելը։ Ոլորտի աշխատողները ջանք ու եռանդ չեն խնայել, սակայն այսպիսի արդյունք ունենք։ Բացերը դիտարկելով՝ նոր ծրագրերով ու մոտեցումներով առաջ ենք շարժվում։ Ակնկալում ենք, որ 2024-ին լավ արդյունքներ կունենանք։ Ասեմ, որ դրան մեծապես նպաստում են ակցիաները, փառատոնները, Գիրք նվիրելու օրը։ Այդ օրը մենք մի քանի անգամ շատ վաճառք ենք ունենում, քան նախորդ շաբաթներին»,-ասաց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը։

«Newmag»-ի համար տարին ևս բավական ակտիվ է եղել։ Ոչ միայն 4 տասնյակին հասնող գրքեր են հրատարակել, այլև կազմակերպել են մի շարք փառատոններ։ Այս տարի ևս շարունակելու են իրենց ակտիվ գործունեությունը։ Առջևում Գրքի ձմեռային փառատոնն է։

«2023-ին անցկացրեցինք մեր բոլոր ավանդական ամառային, ձմեռային փառատոնները։ Առաջին անգամ անցկացրինք ֆրանսիական գրքի փառատոնը։ Այս տարի պատրաստվում ենք շաբաթը մեկ գիրք հրատարակել՝ մոտ 52 անուն գիրք։ Մեր քաղաքականության առանձնահատկություններից է, որ բոլոր նոր գրքերի համար կազմակերպենք շնորհանդեսներ։ Կարծում ենք, որ գիրքը չպետք է մնա գրադարակում»,-ասաց «Newmag»-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ հրատարակել են Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը, որը 3 օրում հազար օրինակ վաճառք է ունեցել։

«Զանգակ» հրատարակչության թարգմանական բաժնի պատասխանատու-խմբագիր Հասմիկ Եղիազարյանի խոսքով՝ տարին կայուն էր իրենց համար։ Ընթերցողը բավական ակտիվ էր նաև 2023-ին։

«Պահանջված գրքերից պետք է առանձնացնեմ Հոսեյնիի վեպերը։ Էլիզաբեթ Գիլբերթի գրքերը կցանկանամ նշել, որ որոնք անընդհատ հետաքրքրություն են առաջացնում և շարունակում են մեծ պահանջարկ ունենալ։ Միևնույն ժամանակ ավելանում են նոր բեսթսելլերներ, մասնավորապես՝  «Ոզնու նրբագեղությունը»։ Պահանջվածների շարքում են նաև դետեկտիվ գրքերը»,-ասաց Հասմիկ Եղիազարյանը։ «Զանգակ»-ը մի շարք նորություններ ունի ընթերցասերների համար, առաջիկայում սպասվող գրքերն են՝  Ֆիլիպ Քոթլեր՝ «Մարքեթինգ Այբ-ից Ֆե», Դեն Բրաուն՝ «Դա Վինչիի ծածկագիրը», Ջոան Ռոուլինգ՝ Հարրի Փոթեր վիպաշարի 6-րդ հատորը, Կազուո Իշիգուրո՝ «Կլարան և արևը»։

  • Կիսվել: