երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԱՄՆ Ռազմավարական նավթային պահուստի նավթի պաշարները նվազել են

ԱՄՆ Ռազմավարական նավթային պահուստի նավթի պաշարները նվազել են

ԱՄՆ Ռազմավարական նավթային պահուստում (SPR) հում նավթի պաշարները կրճատվել են՝ իջնելով 300 միլիոն բարելից ցածր մակարդակի, և հասել են ավելի քան չորս տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ Այս մասին տեղեկացնում է CNBC-ն։

Նշվում է, որ դա տեղի է ունենում Իրանի հետ պատերազմի պատճառով համաշխարհային շուկաների վրա ուժեղ ճնշման հետնապատկերին:

Էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում պահուստի ծավալը նվազել է 6,1 միլիոն բարելով և կազմել 298,7 միլիոն բարել։ Վերջին անգամ պաշարներն այսքան ցածր մակարդակի վրա էին գտնվում 1983 թվականի հունվարին։

Աղբյուրը հիշեցնում է, որ դեռ մարտին նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ազատ արձակել 172 միլիոն բարել նավթ այն բանից հետո, երբ Իրանն արգելափակել էր ածխաջրածինների արտահանումը Հորմուզի նեղուցով, ինչը հրահրել էր հում նավթի մատակարարումների պատմության մեջ ամենախոշոր ճգնաժամը։

ԱՄՆ-ի այդ քայլը դարձել էր Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) երկրների համաձայնեցված գործողությունների մի մասը՝ համաշխարհային շուկային աջակցելու նպատակով ընդհանուր առմամբ 400 միլիոն բարել նավթի բացթողման միջոցով, ինչը կազմակերպության պատմության մեջ նավթային պահուստների օգտագործման ամենախոշոր դեպքն էր։

Հավելենք, որ լարվածության սրման մեկնարկից և փետրվարի 28-ին Իրանին ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցրած հարվածներից առաջ SPR-ի ծավալը կազմում էր մոտ 415 միլիոն բարել։

  • Կիսվել: