շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Դվին հյուրանոցի կառուցապատողը քաղաքային բյուջե պետք է վճարի ավելի քան 110 մլն դրամ. ինքնակամ շինությունները չեն ապամոնտաժվի

Դվին հյուրանոցի կառուցապատողը քաղաքային բյուջե պետք է վճարի ավելի քան 110 մլն դրամ. ինքնակամ շինությունները չեն ապամոնտաժվի

«Դվին» հյուրանոցային համալիրի  ճակատային հատվածում  ինքնակամ շինությունները չեն քանդվի, կառուցապատողը դիմել է դրանք օրինականացնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հատնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ վերջնական գումարի չափը դեռ հստակեցված չէ, բայց այն կգերազանցի 110 մլն ՀՀ դրամը։

«Դվին» հյուրանոցի տարածքում ենթադրյալ ապօրինի շինությունների մասին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր ավագանու դեռևս սեպտեմբերի 14-ի նիստում։ Ըստ նրա՝ կառուցապատողը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ քանդել ինքնակամ կառույցները, կամ դրանք օրինականացնել և հսկայական գումար վճարել քաղաքային բյուջե։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ պարզելու հյուրանոցի՝ քաղաքապետի ձեւակերպմամբ ապօրինի կառույցների ճակատագիրը՝ դրանք քանդվելո՞ւ են, թե՞ կառուցապատողի հետ համաձայնություն է ձեռք բերվել՝ դրանք օրինականացնելու վերաբերյալ։ Ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ սեփականատերը դիմել է օրինականացման խնդրանքով։

Ըստ քաղաքապետարանի՝ նախագծից դուրս լրացուցիչ հարկերի կառուցման վերաբերյալ ծանուցումը հյուրանոցային համալիրի տնօրենին ուղարկվել է դեռեւս օգոստոսի 24-ին։ Իսկ շինարարության նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «ՇԻՆՊՐՈԳՐԵՍ» ընկերությունն էլ նախազգուշացվել է լիցենզիայից զրկելու հարցի քննարկման մասին՝ պահանջելով վերահսկել, որ շինարարությունն իրականացվի բացառապես նախագծի համաձայն։ Լիցենզիայից զրկվելու նախազգուշացում տրվել է նաեւ շինարարությունն իրականացնող «ԱՌՍ ՇԻԼ» շինարարական ընկերությանը, եթե չդադարեցնեն շինարարական աշխատանքները եւ ողջամիտ ժամկետում չվերացնեն խախտումները։

Իսկ սեպտեմբերի 15-ի գրությամբ կառուցապատողն արդեն զգուշացրել է կառուցապատողին, որ շինարարության ընթացքում թույլ տրված խախտումները չվերացնելու դեպքում կքննարկեն քաղաքաշինական փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչելու հարցը։

Քաղաքապետարանից վստահեցնում են, որ կազմվել են իրավախախտման արձանագրություններ, դրանց հիման վրա ընդունվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ, սակայն կառուցապատումը շարունակվել է եւ քաղաքապետարանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին, որպեսզի համապատասխան հսկողություն սահմանեն և շինարարական աշխատանքների իրականացման դեպքում տեղեկացնեն Երևանի քաղաքապետարան:

Ըստ քաղաքապետարանի՝ այս պահին շինարարական աշխատանքները կասեցված են։

«Ներկա պահին սեփականատերը դիմել է ինքնակամ կառույցի օրինականացման խնդրանքով։ Օրինականացման դեպքում մուծվող գումարի հստակ չափը այս պահին նշել հնարավոր չէ, քանի որ այն կախված է մի շարք հանգամանքներից, որոնք այժմ ճշգրտվում են։ Սակայն տվյալ պարագայում, մուծվող գումարի չափը գերազանցելու է 110 մլն ՀՀ դրամը»,- նշված է քաղաքապետարանի գրության մեջ։

«Փաստինֆո»-ն հարցի, մասնավորապես վճարվելիք գումարի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել նաեւ «Դվին» հյուրանոցային համալիրի ներկայացուցչից, սակայն վերջինս նշեց, որ նման տեղեկության չեն տիրապետում։ Փոխարենը պարզաբանեցին, որ խոսքը գնում է ոչ թե բուն հյուրանոցի շենքի մասին, այլ՝ տարածքում գտնվող շինության։ Համալիրի կողքը կառուցվում է մեկ այլ  բարձրահարկ շինություն, որտեղ էլ արձանագրվել են խախտումները։  

  • Կիսվել: