չորեքշաբթի, հուլիս 17
17 / 7 / 2024
Դպրոցահասակների շրջանում մեծանում է ծխողների թիվը․ մասնագետները մտահոգիչ միտում են տեսնում

Դպրոցահասակների շրջանում մեծանում է ծխողների թիվը․ մասնագետները մտահոգիչ միտում են տեսնում

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի միջազգային օրը։ Այն առիթ է մեկ անգամ ևս անդրադառնալու ծխախոտի օգտագործման առողջական ռիսկերին,  ծխախոտի սպառումը նվազեցնելու քաղաքականության արդյունավետությանը:

Հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հանրային առողջության կազմակերպիչ Մարիամ  Մնացականյանը նշեց, որ ամեն տարի  ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքով մահանում է ավելի քան 8️ միլիոն մարդ: Բավականին մեծ թվով մարդիկ ամեն օր ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը։ Աշխարհում գնալով աճում է ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը։ Հայաստանում նույնպես այդ միտումը կա։ Վերջին տվյալներով Հայաստանում հասարակության 25 տոկոսը ծխում է։ 18 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում այց ցուցանիշը 50 տոկոսից ավելի է։  

«Մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման ցուցանիշն աճում է, սակայն վերջին շրջանում այդ աճը դանդաղելու միտում ունի։ Դա պայմանավորված է լայնածավալ աշխատանքով, որն իրականացվում է ծխախոտի սպառումը նվազեցնելու ուղղությամբ։ Տարիներ առաջ Հայաստանն ընդունեց օրենք, որով մտցվեցին սահմանափակումներ ինչպես ծխախոտի վաճառքի, գովազդի, այնպես էլ հանրային սննդի օբյեկտներում ծխելու հետ կապված։ Այդ լայնածավալ աշխատանքներն, իհարկե, ունեն իրենց ազդեցությունը։ Հատկապես երկրորդային ծխի ազդեցությունն է նվազում»,-ասաց Մարիամ Մնացականյանը։

Բոլորովին այլ պատկեր է նկատվում դեռահասների շրջանում։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ դպրոցահասակների շրջանում մեծանում է ծխողների թիվը։ Ծխում են ոչ միայն ավանդական, այլև նորարարական ծխախոտներ։

«Շատ վտանգավոր միտում ենք տեսնում։ Այն երեխաների մոտ, որոնք դեռահասության շրջանում ծխախոտային որևէ արտադրատեսակ են կիրառում, կախվածության մեջ հայտնվելու ռիսկը մեծանում է»,-ասաց Մարիամ Մնացականյանը։  

Տարիների ընթացքում ծխախոտային ինդուստրիան փոխում է իր մարքեթինգային մոտեցումը՝ ներկայացնելով նոր արտադրատեսակներ։ Կարծիքներ են շրջանառվում, թե իբր ծխախոտի նոր տեսակները պակաս վնասակար են։ Մասնագետները հիշեցնում են, որ դրանք պարունակում են այնպիսի նյութեր, որոնք վատ հետևանքներ են ունենում մարդկանց առողջության վրա։ Ծխախոտների այդ նոր տարբերակները՝ հաճելի բույրով ու համով, պարզապես մարքեթինգային թակարդներ են։

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Թորակալ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Բյուզանդյանը նշեց, որ վաղուց ապացուցված է՝ ծխախոտի կիրառումը քաղցկեղի առաջացման մեծ ռիսկ է պարունակում։   

«Փորձը ցույց է տալիս, որ թոքի քաղցկեղ ունեցողների 90 տոկոսից ավելին ծխող է կամ ծխել է։ Քիչ չեն դեպքերը,  երբ նույնիսկ ծանր առողջական խնդիրների, փորձությունների միջով անցնելուց հետո, երբ թվում է, որ մարդիկ կհրաժարվեն ծխախոտից, ոմանք շարունակում են ծխել՝ վնասելով իրենց առողջությունը»,-ասաց Տիգրան Բյուզանդյանը։  

Ի՞նչ անել ծխախոտի կիրառությունը կրճատելու համար։ Մարիամ Մնացականյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ինչպես վերահսկողությունն ուժեղացնել, այնպես էլ իրազեկման ու կրթական ծրագրերն ընդլայնել։ Դա կարևոր է հատկապես դպրոցահասակների շրջանում, որպեսզի նրանք լինեն իրազեկ և չտարվեն նոր ծխախոտային արտադրանքներով։

Տիգրան Բյուզանդյանն էլ հակված է «գրպանին հարվածելու» քաղաքականությանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե ծխախոտի արժեքը բարձր լինի, ինքնըստինքյան շատերը կհրաժարվեն ծխելուց։

  • Կիսվել: