ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու որոշումը. Վազգեն Մանուկյանը՝ Լևոն Արոնյանին

Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու որոշումը. Վազգեն Մանուկյանը՝ Լևոն Արոնյանին

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնախու Վազգեն Մանուկյանը դիմել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանին․

«Սիրելի՛ Լևոն,

Ցավով կարդացի Ձեր վերջին հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու և մարզական կարիերան ԱՄՆ-ում շարունակելու որոշման հետ կապված:

Հայաստանը միշտ հպարտացել է Ձեզանով, Դուք եղել եք բոլորիս պարծանքն ու ոգեշնչման աղբյուրը հազարավոր պատանիների ու երիտասարդների համար: Ձեր շնորհիվ հայկական շախմատը նորանոր բարձունքներ է նվաճել ու մեր երկրին պարգևել բազում հաղթանակներ:

Դուք իրավացի եք, այս իշխանությանն իսկապես հաջողվեց պառակտել նաև շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի, ինչպես քաոսի վերածեց բոլոր ոլորտներն ու ողջ երկիրը:
Բայց հավատացեք, մեր ժողովուրդն այլևս թույլ չի տալու, որ մեր երկրի, մեր տաղանդավոր զավակների կերտած հաղթանակները ոչնչացվեն:

Այս իշխանությունը շուտով հեռանալու է, և մենք միասնական ջանքերով ոլորտ առ ոլորտ վերացնելու ենք քաոսը, վերականգնելու ենք արժանապատվությունն ու հաղթանակները, Հայաստանում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո, քանի որ այն մեր այցեքարտերից մեկն է աշխարհում:

Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով գտնել հնարավորություն վերանայելու Ձեր որոշումը: Պատրաստ եմ նաև հանդիպել Ձեզ և շախմատային աշխարհի մյուս հեղինակավոր ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոչ միայն շախմատային ոլորտի, այլ մեր երկրի ապագայի զարգացման գործում ձեր անգնահատելի մասնակցությունը»:

  • Կիսվել: