երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի UNESCO-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հետ

Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի UNESCO-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հետ

Ապրիլի 22-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի UNESCO-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մադլեն Շերբանին (Madlen ȘERBAN): Քննարկվեց երկու երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների միջև համագործակցությունը։

Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրեց աշնանը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությանը սխառնացող վտանգները։ ՀՀ դեսպանը տիկին Շերբանին տեղեկացրեց նաև Արցախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկի և այդ կապակցությամբ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի վերաբերյալ։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առնչությամբ՝ որպես երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության օրինակ, որում կարևոր դեր է վերապահված Ռումինիայի հայ համայնքին։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց նաև Ռումինիայում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ առանձնահատուկ ուշադրության համար՝ որպես դրական օրինակ հիշատակելով հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի և այբուբենի օր հռչակելու մասին Ռումինիայի խորհրդարանի կողմից 2019թ. ընդունված օրենքը։

  • Կիսվել: