Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում. մարզպետ
«Առատ տեղումներով պայմանավորված Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում»,- այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
«Քաղաքացիներին խնդրում եմ տարածություն պահպանել առափնյա հատվածներից։ Այն քաղաքացիները, ովքեր առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն։
Այսօր անցկացրել եմ ընդլայնված կազմով խորհրդակցություն ՆԳՆ փրկարար, պարեկային ծառայությունների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետերի, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, ՀԷՑ-ի, Վեոլիայի, Գազպրոմի ներկայացուցիչների և մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Կատարված է աշխատանքի հստակ բաժանում, աշխատում ենք 24/7 ռեժիմով։
Ընդգծեմ, որ դեռ նախորդ տարի կատարվել է Դեբեդի հունի մաքրման լայնածավալ աշխատանք` տասնյակ միավոր ծանր տեխնիկայի ներգրավմամբ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ: Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում` զգալի։


