ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը եւ պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ՝ անդրադառնալով դեկտեմբերի 1-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքին խոչընդոտելուն եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին բերման ենթարկելու փորձին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Երեկ՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը եւ փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։

Ինչպես հայտնել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, ի թիվս ակցիայի այլ մասնակիցների, ոստիկաններն ուժ կիրառելով օպերատորին նստեցրել են մեքենան, սակայն շուտով բաց են թողել: Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, դատապարտում ենք ԶԼՄ աշխատակցի նկատմամբ բռնի գործողությունը եւ պահանջում ենք դեպքի առնչությամբ ծառայողական քննություն նախաձեռնել։

Դժվար չէ կանխատեսել, որ երկրում տիրող հասարակական-քաղաքական խորը ճգնաժամը զուգորդվելու է զանգվածային բողոքի ակցիաներով, եւ լրատվամիջոցների պարտականությունն է համակողմանիորեն լուսաբանել դրանք։ Այս էքստրեմալ պայմաններում ոստիկանության գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն լրագրողների անվտանգ գործունեության ապահովմանը եւ ոչ`անհարկի սահմանափակումներ ստեղծելուն։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետեւել իրադարձություններին եւ արձագանքելու ենք լրագրողների իրավունքների ցանկացած խախտման։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երեվանի մամուլի ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Լրագրողների «ասպարեզ» ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» հկ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ

Գորիսի մամուլի ակումբ»։

  • Կիսվել: