հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դասագիրքը պետք է համապատասխանի պետական չափորոշչին. ԿԳՄՍ փոխնախարար

Դասագիրքը պետք է համապատասխանի պետական չափորոշչին. ԿԳՄՍ փոխնախարար

Դասագիրքը պետք է համապատասխանի հանրակրթության պետական չափորոշչի, կրթության կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի ու ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով նոր դասագրքերի ստեղծման մրցույթին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իսկ գործող դասագրքերը, որոնք կիրառվում են այն դասարաններում, որտեղ դեռ չի ներդրվելու նոր չափորոշիչը, ցուցակագրվել են, քանի որ դասագրքերի օգտագործման ժամկետներ կան: Բոլոր այն դասագրքերը, որոնց ժամկետներն արդեն լրացել են, բայց 1-2 տարի կիրառման կարիք ունեն, վերահրատարկվելու են՝ առանց խմբագրման աշխատանքների՝ մինչև համապատասխան դասարաններում ևս կներդրվի նոր չափորոշիչն ու կստեղծվեն նոր դասագրքեր՛՛:

Սվաջյանի խոսքով՝  2024/25 ուսումնական տարվանից սկսած՝ հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է ևս 4 դասարաններում, և առաջիկայում արդեն կմեկնարկեն այդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթի նախապատրաստական աշխատանքները:

 

  • Կիսվել: