Դանակահարություններ՝ Երևանում. վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռի գերեզմանատներից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի դիմաց գտնվող գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով բուժօգնության են դիմել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ 24-ամյա Ազատ Օ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 23-ամյա Հովհաննես Գ․-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերքեր» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։