ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դա ցեղասպանություն էր. Շահումյանից բռնի տեղահանումը վերապրած կնոջ հիշողությունները

Դա ցեղասպանություն էր. Շահումյանից բռնի տեղահանումը վերապրած կնոջ հիշողությունները

Ծովինար Գզիրյանի կյանքը երկու մասի է բաժանվել՝ մինչեւ Շահումյանից բռնի տեղահանումը եւ տեղահանումից հետո: «Մինչեւ» կյանքում է մնացել տունը Վերին Շեն գյուղում, մեծ ընտանիքի երջանիկ րոպեները, «հետո» կյանքում՝ ամուսնու զոհվելը, պատերազմը:   

Տիկին Ծովինարը համաձայնվեց NEWS.am-ի ընթերցողներին պատմել վերապրած ողբերգական օրերի մասին:

1992 թվականի հունիսի 13-ին ադրբեջանական ստորաբաժանումներ սկսեցին Շահումյանի շրջանի վրա հարձակումը: Շրջանի բնակչությունը բռնի տեղահանվեց, շատերը զոհվեցին: Մինչ օրս հարյուրավոր խաղաղ բնակիչների ճակատագիրն անհայտ է:

«Մենք Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղից ենք: Այն ժամանակ, երբ տեղի ունեցան այդ իրադարձությունները, ես ամուսնացած էի, չորս երեխաների մայր էի: Կրտսեր երեխաներիցս մեկը մեկ տարեկանից մի փոքր էր մեծ, մյուսը 3 տարեկան էր: Ավագ երեխաներս 10 եւ 11 տարեկան էին: Մեր տունը գյուղի ծայրին էր եւ մշտապես գնդակոծության տակ էր: Հաճախ էին գնդակոծում:

Հարձակումը սկսվեց հունիսի 12-ին: Ես չորս երեխաներիս հետ, նաեւ տալիս չորս երեխաների հետ ուղեւորվեցի Գյուլիստան, որովհետեւ գյուղում մնալն արդեն շատ վտանգավոր էր: Մենք չգիտեինք, որ հայրենի գյուղը ընդմիշտ ենք լքում: Քանի որ նախկինում էլ էինք ստիպված եղել թաքնվել անտառում, բայց հետո մենք վերադառնում էինք հայրենի օջախներ: Մենք այդ անգամ էլ էինք մտածում, որ շուտով կվերադառնանք: Գիշերեցինք անտառում, առավոտյան ռմբակոծությունը վերսկսվեց: Այնուհետեւ սկսվեց բնակչության արտագաղթը: Դա այնպես էր, ինչպես Ցեղասպանության ժամանակ: Մեկը ձիու վրա, մեկն՝ ավանակի, մյուսը՝ ոտքով, երեխաների, ծերունիների, լացի հետ: Մենք տեղի ունեցողին չէինք հավատում»,- հուզվելով վերապրած հիշողություններից՝ պատմեց տիին Ծովինարը:

Մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր ոտքով էին գնում՝ անտառներով եւ հեղեղատներով: «Ես տանում էի փոքրիս, սկեսրայրիս գրկում երեքամյա փոքրիկն էր: Ավագներն ինքնուրույն էին գնում: Գնում էինք առանց հույսի, որ կարող ենք հասնել անվտանգ ապաստարանի: Մենք ոչինչ չէինք կարողացել տանից վերցնել: Ո՛չ երեխաների համար հագուստ, ո՛չ ճանապարհի ուտելիք, ո՛չ փաստաթղթեր, ո՛չ գոնե մեկ լուսանկար»,- շարունակում է տիկին Ծովինարը:

Հետո ստեղծվեցին պարտիզանական ջոկատներ հայրենի Շահումյանն ազատագրելու հույսով: Պարտիզանական ջոկատներում է մարտնչել ու զոհվել Ծովինարի ամուսինը՝ նայոր Վանյա Գզիրյանը:

Առանց ամուսնու, հայրենի տնից հեռու, բայց սկեսրայրի ու սկեսուրի օգնությամբ Ծովինարը երեխաներին մեծացրել է, նրանց կրթություն տվել: «Հիմա ես 8 թոռան տատիկ եմ, եւ համալրում է սպասվում»,- հայտնեց տիկին Ծովինարը:

Ավագ երեխաները հիշում են տունը եւ հիշում են փախուստի ճանապարհը: «Մենք երկհարկանի տուն ունեինք, իսկ մեր գյուղի տները լավն էին, մեծ տնամերձ հողամասով: մենք այդ ամենը կորցրել ենք: Սկեսուրս ասում էր՝ փառք Աստծուն, որ գոնե երեխաներին փրկեցինք: Մենք այն սարսափելի օրերի մասին երբեք չենք մոռանում, հիշում ենք միշտ, ամեն օր: Անցել է 28 տարի, բայց մենք ապրում ենք հայրենիքի կարոտը սրտներիս մեջ: Այնտեղ են մեր տները, նախնիների գերեզմանները»,- հառաչում է տիկին Ծովինարը:

  • Կիսվել: