երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի անկումից հետո Հայաստանը բախվեց բազմաթիվ մարտահրավերների. AP

Լեռնային Ղարաբաղի անկումից հետո Հայաստանը բախվեց բազմաթիվ մարտահրավերների. AP

Տասնյակ հազարավոր այժմ անօթևան մարդիկ Հայաստան են լցվել Լեռնային Ղարաբաղից, որը վերահսկվում է նրա խիզախացած թշնամու՝ Ադրբեջանի կողմից, գրում է Associated Press-ը։

«Ցուցարարների բազմությունը լցնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցները՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Հին դաշնակից և պաշտպան Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվել են փոխադարձ մեղադրանքների պատճառով:

Հայաստանն այժմ բախվում է բազմաթիվ մարտահրավերների այն բանից հետո, երբ հանկարծ հայտնվեց 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո իր անկախության տասնամյակների ամենավատ քաղաքական ճգնաժամերից մեկի մեջ», - նշում է հոդվածի հեղինակ Էմմա Բարոուզը:

Ինչպես գրում է Բարոուզը, իրադարձությունները զարմանալի արագությամբ ընթացան այն բանից հետո, երբ Ադրբեջանը «կայծակնային ռազմական արշավ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ էթնիկ հայերով գերակշռող տարածաշրջանում»։

«Ադրբեջանական շրջափակման պատճառով մատակարարումներից զրկված լինելով և Թուրքիայի աջակցությունն ունեցող հակառակորդի թվաքանակով գերազանցող զինված ուժերի պատճառով անջատողական ուժերը կապիտուլյացիայի ենթարկեցին 24 ժամվա ընթացքում, իսկ նրանց քաղաքական առաջնորդները հայտարարեցին, որ կցրեն իրենց կառավարությունը մինչև տարեվերջ:

Սա էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի պատճառ դարձավ, որոնք վախենում էին ապրել Ադրբեջանի տիրապետության տակ: Տարածաշրջանի 120,000 բնակիչների ավելի քան 80%-ը հապճեպ հավաքեց իրերը և սկսեց հոգնեցուցիչ, դանդաղ ճանապարհը միակ լեռնային ճանապարհով դեպի աղքատ Հայաստան, որը դժվարությամբ է ընդունում նրանց:

Իրենց հայրենիքի կորստից զայրացած և նյարդայնացած՝ նրանք, ամենայն հավանականությամբ, կաջակցեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գրեթե ամենօրյա բողոքի ակցիաներին, որին ընդդիմությունը մեղադրում է Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու անկարողության մեջ»,- նշում է հոդվածագիրը։

«Կա հսկայական զայրույթ և հիասթափություն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին», - ասում է Chatham House-ի տարածաշրջանային փորձագետ Լորենս Բրոերսը։

Ըստ նրա, տնտեսական դժվարություններ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է արագ ապահովի նրանց բնակարանով, բուժօգնությամբ և աշխատանքով։ Թեև համաշխարհային հայկական սփյուռքը խոստացել է օգնել, դա լուրջ ֆինանսական և նյութատեխնիկական խնդիրներ է ստեղծում դեպի ծով ելք չունեցող երկրի համար, ասել է փորձագետը։

Դիտորդները նաև նշում են, որ Փաշինյանին ձեռնտու գործոններից մեկն այն է, որ ինչ զայրույթ էլ չփոթորկի իր դեմ, այն հավասար չափով ուղղված է Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանի դեմ։

Ռուսաստանին շեղել է ուկրաինական պատերազմը, որը խաթարել է նրա ազդեցությունը տարածաշրջանում և ստիպել Կրեմլին չցանկանալ մարտահրավեր նետել Ադրբեջանին և նրա գլխավոր դաշնակից Թուրքիային, որն արևմտյան պատժամիջոցների ներքո Մոսկվայի հիմնական տնտեսական գործընկերն է:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն վաղուց էր կասկածանքով վերաբերվում նախկին լրագրող Փաշինյանին, որն իշխանության եկավ 2018թ. նախորդ իշխանությունը տապալած բողոքի ցույցերը գլխավորելուց հետո։

Դեռևս Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Ադրբեջանի գործողությունից առաջ Ռուսաստանը զայրացրել էր Հայաստանի վրա՝ ԱՄՆ-ի զորքերին համատեղ զորավարժությունների համար ընդունելու և Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ճանաչելու որոշման համար այն բանից հետո, երբ այն Պուտինին մեղադրեց Ուկրաինայից երեխաների արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների մեջ։

Բացասական զգացմունքները սրվեցին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո, երբ Մոսկվան հարձակվեց Փաշինյանի վրա այնպիսի կոշտ արտահայտություններով, որոնք նախկինում ոչ ոք չէր լսել»,- գրում է հոդվածի հեղինակը։

Ըստ նրա, դեռևս պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը կարող է դուրս բերել Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, որտեղ գերիշխողը Ռուսաստանն է և Ռուսաստանի գլխավորած, մի քանի նախկին խորհրդային հանրապետություններից կազմված այլ դաշխնքներից: Հայաստանումգոյություն ունի ռուսական ռազմաբազա, և ռուս սահմանապահներն օգնում են պարեկություն իրականացնել Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին:

Չնայած խորացող պառակտմանը, Փաշինյանը ձեռնպահ մնաց Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու սպառնալիքներից, սակայն ընդգծեց անվտանգության և Արևմուտքի հետ այլ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

Մինչդեռ, ըստ Բարոուզի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար կարող է բարդ խնդիր լինել Մոսկվային, որպես Հայաստանի գլխավոր հովանավոր, փոխարինելը: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է և այնտեղ մոտ 1 միլիոն հայ է ապրում, որոնք վճռականորեն կդիմադրեն Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու Փաշինյանի ցանկացած փորձի։

Ռուս խաղաղապահների ապագան Լեռնային Ղարաբաղում, որոնք պետք է մնային մինչև 2025 թվականը, պարզ չէ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նրանց կարգավիճակը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։

Լոուրենս Բրոերսի կարծիքով, Ադրբեջանը կարող է թույլ տալ, որ փոքրաթիվ ռուս խաղաղապահներ մնան Լեռնային Ղարաբաղում՝ օգնելու առաջ տանել տարածաշրջանը «ինտեգրելու» իր օրակարգը:

«Սա կարող է օգնել պահպանելու Մոսկվայի դեմքը,- ասել է նա:- Սա կարող է հաստատել ինտեգրացիոն օրակարգը, որն առաջ է քաշում Ադրբեջանը»:

Չնայած խաղաղապահները չփորձեցին խանգարել Ադրբեջանին հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը, սակայն ռուսաստանյան զորքերի առկայությունը Հայաստանում օգնում է հակազդել Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր փորձերին՝ ճնշում գործադրելու Երևանի վրա որոշ վիճահարույց հարցերում:

Բաքուն վաղուց է պահանջում Հայաստանից միջանցք տրամադրել Նախիջևանին, որը Ադրբեջանից բաժանված է հայկական տարածքի 40 կիլոմետրանոց հատվածով։ Տարածաշրջանը, որը սահմանակից է նաև Թուրքիային ու Իրանին, ունի մոտ 460 հազար բնակչություն։

Կարնեգիի եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Նախիջևանում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և բավականին սադրիչ կերպով Հարավային Հայաստանն անվանել «պատմական ադրբեջանական հող»։

Չնայած Ադրբեջանին ուղղված Արևմուտքի՝ Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու կոչերին, ինչպես նաև Իրանի վճռական ազդանշաններին, որը նույնպես զգուշացրել է Ադրբեջանին ուժ չկիրառել Հայաստանի դեմ, լարվածությունը մնում է բարձր, նշել է նա։

«Հարցն այն է, թե որքանով են Ադրբեջանն ու Թուրքիան, թերևս, Ռուսաստանի լուռ աջակցությամբ, առաջ մղում այս հարցը,- ասել է դե Վաալը։- Պարզապես փորձում են Հայաստանը բերել բանակցությունների սեղանի շո”ւրջ, թե՞ փաստացի սկսում են ուժ կիրառել՝ փորձելով հասնել իրենց ուզածին։ Սա այն սցենարն է, որից բոլորը վախենում են», գրում է news.am-ը:

  • Կիսվել: