շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ցուցուլյանը հանդիպել է Եվրոպական հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության Պատրաստվածության և կանխարգելման ղեկավարի հետ

Ցուցուլյանը հանդիպել է Եվրոպական հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության Պատրաստվածության և կանխարգելման ղեկավարի հետ

«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 3) ծրագրի դաշտային լայնածավալ վարժանքի շրջանակներում Հայաստանի պատվիրակության ղեկավար ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG ECHO) Պատրաստվածության և կանխարգելման նորանշանակ ղեկավար Հաննա Յանսի հետ։

Հանդիպան ընթացքում տիկին Յանսը կարևորեց գլխավոր տնօրինության երկկողմ համագործակցությունը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հետ՝ հատկապես ընդգծելով կանխարգելման և պատրաստվածության բարձրացմանն ուղղված ջանքերը։

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության առնչությամբ, նշելով, որ ՀՀ փրկարար ուժերի ներգրավումը միջազգային ծրագրերում միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, տարածաշրջանում կայունության բարձրացմանը և կրելու է շարունակական բնույթ:

ՓԾ տնօրենը նաև հավելեց, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ներկայիս բարեփոխումները միտված են հենց այս կարողությունների զարգացմանը, տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության խորացմանը:

Տիկին Յանսը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի պատվիրակությանը այս ոլորտում ակտիվ ներգրավվածության համար և հաջողություն մաղթեց 2023 թվականի հոկտեմբերին Հայստանում անցկացվելիք «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» վարժանքի կազմակերպման գործում։

  • Կիսվել: