Ցուցարարները փակեցին ԱԺ մուտքերը, ոստիկանների հետ բախում տեղի ունեցավ, Դեմիրճյան փողոցում տեղադրվեցին վրաններ
Բաղրամյան պողոտայում իրավիճակը կտրուկ լարվել է։ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի մասնակիցները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան պատգամավորների ելումուտը շենք։
Իրավիճակը կտրուկ լարվեց, ոստիկանության հետ բախումներ տեղի ունեցան, քանի որ վերջինները փորձում էին պատ կազմելով թույլ չտալ քաղաքացիներին մոտենալ Դեմիրճյան փողոցից ԱԺ մուտքին։ Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել տարածքում։ Ընդդիմության ներկայացուցիչները քաղաքացիներին հորդորեցին չտրվել սադրանքին՝ հայտարարելով, որ ցանկացած ոք, ով կփորձի մուտք գործել ԱԺ տարածք, ոչ թե «Հայրենիքի փրկության շարժման» համակիր է, այլ իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ։
Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մինչև այդ հորդորեց հանրահավաքի մասնակիցներին՝ թույլ չտալ պատգամավորներին մուտք գործել Ազգային ժողովի շենք։
«Այս ամենը կարող էր ուրիշ ձեւ լինել, եթե ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ տուրիստ, որ 5 աստղանի դղյակում է ապրում է, որին սպասարկում են 100-ից ավելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ եթե այս րոպեին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խոսքերն ուժի մեջ են՝ մենք նախագահ չունենք...Մենք շրջափակում ենք Ազգային ժողովը, եւ ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ ընդունելու մեր պետության համար հարիր որոշում: Իսկ մինչ այդ փակեք մյուս մուտքերը»,– ասաց նա:
Բաղրամյան պողոտայում արդեն 10 օր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները վրաններ տեղադրեցին նաեւ Դեմիրճյան փողոցում՝ փակելով Ազգային ժողովի մուտքը:
Նշենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից: