շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար կիրառվել է հատուկ տեխնիկա

Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար կիրառվել է հատուկ տեխնիկա

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Samand», «ГАЗ 3110» (Вольга) և «Hino» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներից 2-ին Սևանի փրկարարները դուրս են բերել «Samand»-ի միջից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա ու մինչ փրկարարները վիրավորներին դուրս էին բերում՝ բժիշկները ներսում նրանց առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և օրվա պատասխանատու, ջրային վաշտի 2-րդ դասակի հրամանատար Իշխան Հակոբյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Կիրակոսյանի և բաժնի պետի տեղակալ Վարդան Բալեյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչներ Նվեր Մկոյանի և Վարդան Թովմասյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: